Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանում մեկնարկել է «Թենիսի Հայկական սփյուռքի գավաթի» մրցաշարը, որի 12-րդ առաջնության հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը, ում նախաձեռնությամբ էլ անցկացվում է գավաթի մրցաշարը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ արդեն երկրորդ անգամ Երևանում անցկացվող մրցաշարին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի և մի շարք այլ երկրների պրոֆեսիոնալ մարզիկներ, ինչպես նաև սիրողական թենիսով զբաղվողներ:
40 մարզիկ՝ 20 զույգերով, մեծահասակների խմբում պայքարելու են հաղթական գավաթի համար:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել նաև Կիոկուշին կարատեի Երևանի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը: Առաջնությանն այս տարի մասնակցում է ֆեդերացիայի շուրջ 1000 մարզիկ, ինչը, պատասխանատուների խոսքով, աննախադեպ ցուցանիշ է: Հատկանշական է, որ ֆեդերացիայի պատանեկան հավաքականն այսօր է վերադարձել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Կովկասի ամենամյա առաջնությունից, որտեղ հայ մարզիկներից 9-ը զբաղեցրել են առաջին, 3-ը՝ երկրորդ և 7-ը՝ երրորդ հորիզոնականները: Հաղթանակով Երևան վերադարձած մարզիկներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է պատվոգրերով: Շնորհավորելով Կովկասի ամենամյա առաջնության հաղթողներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հաջողություններ է մաղթել Կիոկուշին կարատեի Երևանի առաջնության մասնակիցներին:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ֆեդերացիայի բոլոր նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում ցուցաբերած մշտական աջակցության և հետևողականության համար՝ Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել Կովկասի առաջնությունում Հայաստանի հավաքականին շնորհված հաղթական գավաթը:
Նշենք նաև, որ Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիան Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիային շնորհել է պաշտոնական իրավունք՝ 2018թ. Եվրոպայի ամենամյա առաջնությունը Երևանում անցկացնելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն