Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2013թ. ՏԻՄ ընտրություններին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարագրած ահռելի ունեցվածքը մեծ աղմուկ հանեց: Պարզվում է՝ պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում, երբ աղքատությունը մեր երկրում սրընթաց աճում է, Տ. Մարգարյանը հասցրել է ավելացնել դրամական միջոցները. եթե 2013թ. նա հայտարարագրել էր 115 մլն. դրամ, ապա հիմա այդ թիվը դարձել է 250 մլն դրամ:
Բացի այդ՝ Մարգարյանն ունի 45 հազար դոլար, 50 հազար եվրո, «Զեթ ընդ Զեթ» ընկերության 50 տոկոսի բաժնետերն է:
Բավական տպավորիչ է Մարգարյանի հայտարարագրած անշարժ գույքը. Երեւանում՝ Թումանյան փողոցում, ունի բնակելի շենքի մի ամբողջ հարկ՝ 190.2 քմ մակերեսով, Ավանի Սայաթ-Նովա թաղամասում՝ 137.9 քմ բնակարան, Ավանի Բաբաջանյան փողոցում՝ 1578.3 քմ տարածք, առեւտրի կենտրոնի տարածք` 761.24ք/մ մակերեսով: Բացի այդ՝ Աճառյան փողոցում՝ 3729.8 ք/մ, իսկ Չարենցի թաղամասում՝ 44ք/մ շինություն, մեկ ամառանոց Ջերմուկում, երկու ավտոտնակ:
Ի դեպ, 2013թ. Մարգարյանը հայտարարագրել էր ամառանոց Դիլիջանում, որը հետո վաճառել է: Նա վաճառել է նաեւ երկու մեքենա՝ «Ռենջ Ռովեր» եւ «Մերսեդես Բենց»: Հիմա Երեւանի քաղաքապետն ունի միայն «Մերսեդես S-450»: Իսկ քաղաքապետի կինը՝ Գոհար Սարգսյանն արդեն քանի տարի է` հայտարարագրում է 50 մլն դրամ ունեցվածք, եւ այդ թիվը մշտապես անփոփոխ է մնում: Սա, համաձայնեք, խիստ կասկածելի է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: