կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-06 12:10
Քաղաքական

ՊԵԿ-ից սպասում ենք երկրորդ փուլի բարեփոխումների ծրագիր. Կարեն Կարապետյան

ՊԵԿ-ից սպասում ենք երկրորդ փուլի բարեփոխումների ծրագիր. Կարեն Կարապետյան

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ 3,2 տոկոս տնտեսական աճն իրենց թիմի ամբիցիան չէ: «Մեր թիմի ամբիցիան շատ ավելի բարձր տնտեսական աճն է»,- ասաց նա` հավելելով, որ հավակնում են շատ ավելի բարձր տնտեսական աճ ապահովել:

«Դրա համար շատ կարևոր է, որ մենք հավելյալ միջոցներ ուղղենք կապիտալ ծախսերին: Մենք փոխվարչապետի մոտ մի քանի ռաունդով ունեցել ենք քննարկումներ, որպեսզի նախապատվությունը տանք այն ծրագրերին, որոնք կապիտալ բնույթի են: Շուրջ 98 միլիոնի չափով առանձնացրել ենք այն ծրագրերը, որոնք այս տարի իրականացնելու ենք»,- ասաց նախարարը:

Արամյանն անդրադարձավ նաև հարկահավաքման ցուցանիշին: «Առաջին եռամսյակում մենք 1 տրիլիոն 135 միլիարդի ծրագիր ենք գերակատարել: Ծրագիրը գերակատարել ենք 11,5 միլիարդ դրամով: Մենք կարծում ենք, որ նույն տեմպերը կկարողանանք պահպանել, քանի որ ՊԵԿ-ի նոր գործընկերները բավականին ագրեսիվ իրականացնում են բարեփոխումները: Շուրջ 50 միլիոնով մենք կարող ենք ավելացնել հարկային եկամուտները»,- ընդգծեց նա:

Նախարարի խոսքը շարունակեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «ՊԵԿ-ի աշխատանքը գնահատում ենք լավ, և դա է մեզ իրավունք տվել նման գործողությունների գնալ: Մենք այս քայլին գիտակցաբար գնում էինք և հատուկ ընտրություններից հետո ենք ասում, որպեսզի մեզ չմեղադրեն, որ մենք պոպուլիզմով ենք զբաղվում: Այս լուծումը մեզ մոտ նախապատրաստված էր մինչև ընտրություններ: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ ՊԵԿ-ի առաջ դնում ենք շատ ծանր խնդիր: Պլանը դնելու ժամանակ դրել էինք բավական բարձր, պլանը գերակատարելու ժամանակ փոխում ենք: Մենք ՊԵԿ-ից սպասում ենք երկրորդ փուլի բարեփոխումների ծրագիրը: Մենք շատ լավ գիտակցում ենք` ինչ խնդիր ենք դրել և տարվա վերջին գնահատական տալուց ամեն բան հաշվի ենք առնելու»,- եզրափակեց նա: