Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում մարտի 29-ին այցելել է Կոտայքի մարզ: Կարեն Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Գողթի, Գառնիի, Աբովյանի, Բյուրեղավանի, Արզնիի և Չարենցավան ընտրողների հետ, ներկայացրել ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, տարբեր ուղղություններով սկսված բարեփոխումները և ծրագրերը:
«Մենք հստակ ախտորոշել ու ձևակերպել ենք որտեղ ենք գտնվում, ինչ խնդիրներ, հիվանդություններ ունենք, ուր ենք ցանկանում գնալ, ինչպիսի երկիր ենք կառուցելու: 2017 թվականին նախատեսում ենք իրականացնել ախտորոշում, սանիտարիզացիա, կառավարման համակարգի բարեփոխումներ, կայունացում: Այս չորս գործառույթը մեզ համար չափազանց կարևոր է, որովհետև, եթե չգիտենք մեր հիվանդության ախտորոշումը՝ լուծում չենք կարող տալ»,- Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ ասել է Կարեն Կարապետյանը: Նշելով, որ 2017-ի պետական բյուջեով ակնկալվում է ապահովել 3,2 տոկոս տնտեսական աճ՝ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն ընդգծել է. «Եթե հարցնեն, թե ինձ համար ինչն է կարևոր՝ այդ տնտեսական ա՞ճը, թե վերը նշված չորս գործառույթը, անկեղծ կպատասխնեմ՝ երկրորդ տարբերակը, քանի որ այն իրականացնելու դեպքում հնարավոր է տնտեսական աճն ավելին լինի, մենք հստակ կունենանք այն կառավարման սուբյեկտը, որի զարգացումը պետք է ապահովենք: Բացի այդ, եթե այս չորս գործառույթն իրականացնենք, վստահ եմ, սկսած 2018-ից՝ ունենալու ենք հաստատակամ, կայուն, առողջ տնտեսական աճ»:
ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի խոսքով, կուսակցության ներկայացրած ծրագիրը համալիր է, հավակնոտ, պատասխանում է բոլոր մակրո հարցերին, որոնք ծառացած են մեր երկրի, հասարակության առջև. ծրագիրն իրատեսական է և, ըստ վարչապետի, այն ներկայացնելիս որևէ մեկի աչքն ու ականջը շոյելու խնդիր չեն դրել: «Շատ հավանական ենք համարել, որ այս ընտրություններին կարող ենք ստանալ ձեր վստահության քվեն ու կգա պահը, որ ձեր առջև պետք է պատասխան տանք: Այսօր կան բազմաթիվ ուժեր, ովքեր կարող են հայտարարել ամեն ինչ՝ իմանալով, որ չեն գալու իշխանության, պատասխանատվության ու հետագայում ասելու են, թե ձայներ չտվեցիք՝ չենք կարողացել իրականացնել:Մենք իրատեսական մոտեցում ենք ցուցաբերում, մեր ծրագիրը ֆունդամենտալ բարեփոխումների ծրագիր է, որովհետև ախտորոշում անելով, հասկացել ենք, որ բոլոր ոլորտներում ունենք արդյունավետության պակաս: Այն լրացնելու համար էլ իրականացնելու ենք բարեփոխումներ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով, ՀՀԿ-ն ընտրություններին ներկայացել է լայն թիմով, համարձակություն ունեցել հստակ ասել իր ուժեղ ու թույլ կողմերը: «Ես որևէ այլ քաղաքական ուժի չեմ հիշում, որ այդպես ասել է: Դա կարող է դառնալ մեր առավելությունը, որովհետև մեր բացթողումները կամ սխալները եղել են օբյեկտիվ ու սուբյեկտիվ: Ունենք մեծ փորձ , որով անցել ենք և հերթական անգամ նույն թակարդն ընկնելու հավանականությունն ավելի քիչ է»,- նկատել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն լինելով բազմաշերտ՝ ներկայացնում է հանրության բոլոր շերտերը: «Մենք ունենք կամք՝ մեր ծրագիրն իրականացնելու,նաև ունենք նպատասակլացություն, անհրաժեշտության դեպքում, կոշտ կվերաբերվենք բոլոր խոչընդոտներին, որոնք կարող են խանգարել մեր բարեփոխումներին: Ուսումնասիրելով վերջին 20-30 տարիների ընթացքում տարբեր երկրներում իրականացված արագ բարեփոխումները, վստահ եմ, որ ունենք նշածս հայտանիշերը՝ մեր ծրագրերը հավակնոտ են, համարձակ, պրագմատիկ, իրատեսական: Կարծում ենք, որ մեր ազդակները իրական են, մրցակցային, որպեսզի արժանանան ձեր վստահությանը»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ընդգծելով, որ կառավարությունն իր վեցամսյա գործունեության ընթացքում իրականացրել է նախանշած բոլոր ծրագրերը:
Վարչապետը երկրի զարգացման կարևոր նախապայմաններից մեկն է համարել բոլոր համայնքների ղեկավարների կողմից համայնքի զարգացման ծրագրի ներկայացումը և ընդգծել, որ եթե երկրում չներդնեն համակարգ, որ համայնքի ղեկավարները ներկայացնեն իրենց զարգացման հստակ ծրագիր, հնարավոր չի լինի երկիրն առաջ տանել: «Մենք Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարներին տվել ենք մեթոդաբանություն, ըստ որի՝ իրենք պետք է կազմեն իրենց համայնքի զարգացման ծրագիրը, որովհետև կամայական կառավարման սուբյեկտում` լինի խանութ, մեծ ձեռնարկություն, փոքր ձեռնարկություն, քաղաք, գյուղ կամ երկիր, եթե դու չունես տեսլական, թե ուր ես գնում, չունես ծրագիր, ամեն օր գալու ես մանր-մունր խնդիրներ լուծես` չհասկանալով ուր ես գնում»,-նշել է Կարեն Կարապետյանը՝ մանրամասնելով, որ այդ ծրագրերը պետք է պատասխանեն քաղաքացիների բոլոր հարցերին: «Նախ ծրագիրը պետք է գույքագրի առկա խնդիրները, թվայնացնի իրավիճակը: Հետո պետք է հաշվարկի համայնքի առավելությունները` ինչ է պետք անել, որպեսզի ստեղծվեն նոր աշխատատեղեր, ինչ են անելու համայնքի ղեկավարը, մարզպետը, կառավարությունը այդ ուղղությամբ: Մենք դրանով պետք է առաջ շարժվենք: Ես Երևանում ձեզանից լավ չեմ պատկերացնում, թե Գառնին ինչպես պետք է զարգանա»,- ասել է կառավարության ղեկավարը:
Կարեն Կարապետյանն անդրադարձել է քաղաքացիներին հուզող բազմաթվ հարցերի, ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ ՀՀԿ նախընտրական ծրագրով նածխատեսվող քայլերն ու միջոցառումները:
ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը քաղաքացիներին խնդրել է ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորել ոչ միայն ապրիլի 2-ին, այլև առօրյայում՝ խնիդրների, անարդարության դեմ և այլն: «Ապրիլի 2-ին մասնակցեք ընտրություններին, վելուծեք ներկայացված ծրագրերը և որոշեք, թե ում եք վստահելու, որպեսզի վաղը կառավարի երկիրը, անպայման դիտարկեք՝ ծրագիրն իրատեսակա՞ն է, թե՝ ոչ: Մենք, կատարելով մեծ փոփոխություններ, առաջարկում ենք էվոլուցիոն, բնականոն զարգացման ծրագիր, որը հետ կպահի մեզ անկախատեսելի զարգացումներից, ցնցումներից, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի համար: Ունենք գրգռված քաղաքացիական դաշտ, մարդիկ անհանդուրժող են, իրենց միտքն ասելիս՝ շատ կատեգորիկ են: Մենք շատ բան ունենք կորցնելու, այդ իսկ պատճառով, պետք է չափազանց հավասարակշիռ կերպով մեր որոշումը կայացնենք»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ քաղաքացիներին առջարկելով իրենց քվեն տալ ՀՀԿ-ին և նա մշտապես հասարակությանը հաշվետու կլինի բոլոր ծրագրերի իրականացման գործում: