|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՅԴ «Նոր Սերունդ» Ֆրանսիայի երիտասարդական միության մի խումբ անդամներ այս օրերին գտնվում են Արցախում: Այցի նպատակը 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո զոհված զինծառայողների ու կամավորների ընտանիքներին հանդիպելն էր: Ինչպես նշում է ՀՅԴ «Նոր Սերունդ»-ի վարչության անդամ Ցոլին Ջինյանը, Ֆրանսիայի երիտասարդական միության անդամները վեց ամիս շարունակ աշխատել են այս ծրագիրն իրագործելու համար. Ֆրանսիայի Մարսել, Փարիզ և Վալանս քաղաքներում կազմակերպված համերգների հասույթը որոշել են օգտագործել ծրագիրն իրականություն դարձնելու համար:
«Ինչ-որ անում ենք շատ չնչին տոկոսն է` հերոսների արածի համեմատ, բայց ուզում ենք ասել, որ սփյուռքահայն անտարբեր չէ Արցախում կատարվող դեպքերի նկատմամբ և միշտ հայրենիքի կողքին է»,- ասում է Ցոլինը:
Ֆրանսիայի երիտասարդական միության անդամները ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության անդամների հետ մի քանի օրվա ընթացքում այցելել են Արցախի շրջաններում և Ստեփանակերտում ապրող` նահատակ զինվորների ընտանիքներին և իրենց զորակցությունն ու աջակցությունը հայտնել նրանց:
Երիտասարդները, բացի դրամական աջակցությունից, ընտանիքներին են փոխանցել Ալֆորվիլի «Սողոմոն Թեհլիրյան» պատանեկան միության անդամների նամակը: Պատանիների համար սուրբ նահատակները անձնազոհության եւ ազգասիրության տիպար են, որոնց պարտական ենք այսօրվա Հայաստանի և Արցախի անկախության համար:
ՀՅԴ «Նոր Սերունդ» միության անդամները նախատեսում են այցելել նաև սահմանը հսկող զինվորներին: