կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-27 15:33
Իրավական

Սամվել Բաբայանի հետ տեսակցությունների վրա արգելք է դրվել

Սամվել Բաբայանի հետ տեսակցությունների վրա արգելք է դրվել

ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ տեսակցությունների վրա արգելք է դրված: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Ըստ նրա` պատրաստվում են բողոքարկել Բաբայանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու` առաջին ատյանի դատարանի որոշումը:

Փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալի և նրա հետ կալանավորված երկու անձանց միջև առերեսում չի կատարվել:

Նրա խոսքով՝ դատախազությունն այլ կերպ է մեկնաբանել և ներկայացրել այնպես, թե իբր Բաբայանն ընդունել է մեղադրանքը: «Ոչ, նման բան չկա: Որպես մեղադրյալ` հարցաքննության ժամանակ իմ պաշտպանյալը հայտնել է, որ մեղքը չի ընդունում: Նա առնչություն չունի հանցագործության հետ»,- ասաց նա:

Քալաշյանի խոսքով՝ Բաբայանի հետ կալանավորվածներից մեկը նրա մարտական ընկերն է եղել, սակայն այն, որ իբր Սամվել Բաբայանն է նրանց պատվիրել ինչ-որ բան անել, չի համապատասխանում իրականությանը:

Պաշտպանը տվյալ պահին չի կարող ասել, որ գործը քաղաքական ենթատեքստ ունի: «Ես օբյեկտիվորեն իմ կարծիքն եմ հայտնում, դա իրականում էդպես է, թե՝ ոչ, հետագայում պարզ կլինի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2017 թվականի մարտի 22-ին հայտնաբերվել էր «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս կազմող, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և նույն համալիրի «9М39» տեսակի հրթիռ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ռազմամթերքի մաքսանենգության համար Սամվել Բաբայանին և նրա հանցակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ դատախազության հաղորդագրության՝ թեև հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձինք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում նրանք, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ: