կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-15 15:15
Քաղաքական

«Հինգ մանդատ ունեցող ֆրակցիան կարողացել է երկրի համակարգը փոխել». ՀՅԴ ներկայացուցիչներն Արագածոտնի մարզում են

«Հինգ մանդատ ունեցող ֆրակցիան կարողացել է երկրի համակարգը փոխել». ՀՅԴ ներկայացուցիչներն Արագածոտնի մարզում են

Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում ունեցան Արագածոտնի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ:

ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ելույթում նշեց, որ մեր երկրում ծառացած խնդիրների իրական լուծման բանալին ոչ թե անձերի փոոփոխության մեջ է, այլ` համակարգի, և Դաշնակցությունն այն ուժն է, որն ամեն ինչ արել է, որ կառավարման համակարգ փոխվի, միակենտրոն կառավարման համակարգը վերանա:

«Մենք չպետք է մտածենք, ենթադրենք, որ կարող է գալ մեկը, ով կախարդական փայտիկով կլուծի բոլոր հարցերը: Մենք երկար տարիներ փնտրտուքի մեջ ենք եղել, ցանկացել ենք գտնել լավագույն ղեկավարին, անձին, ով կլուծի մեր երկրի խնդիրները, և այն անձը, ով եկել է իշխանության, ունենալով այսքան լիազորություն, գայթակղվել է, իր շրջանակներում տեղավորել իր մտերիմներին»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ երկրում ստեղծվել է արտոնյալների խումբ, որն օգտվում է պետության բարիքներից:

Նրա խոսքով՝ դեռևս գործող Սահմանադրությունն էլ պարունակում է կետեր, որոնք սխալ չեն, վատը չեն, սակայն այդ դրույթների իրագործման մեխանիզմները չկան, իսկ նոր Սահմանադրության դեպքում իրագործման մեխանիզմները հստակ ամրագրված են:

Ռուստամյանը շեշտեց, որ հենց Դաշնակցությունն է ջանքեր ներդրել ու տարիներ շարունակ բարձրաձայնել, որ խորհրդարանական կառավարման համակարգը կշտկի կառավարման խութերը, և յուրաքանչյուր պաշտոնյա իրեն տրված լիազորությունները կօգտագործի հանուն պետության:

«Երեք անգամ նախագահ ենք փոխել, բայց որևէ բան չի փոխվել»,- ասաց Ռուստամյանը՝ ընդգծելով, որ այդքան լիազորություններով օժտված պաշտոնյան պետք է պարզապես սուպերմարդ լինի, որ կարողանա լուծել խնդիրները: «Մենք ազատել են մեր ժողովրդին նրանից, որ միայն մեկ մարդ է որոշելու ամեն ինչ»,- հավելեց նա:

Ռուստամյանն ընդգծեց, որ ընտրության միջոցով կարելի է գնալ փոփոխության: «ՀՅԴ-ն միշտ պահել է այն սահմանը, որ չգնա այն քայլին, որ ունքը սարքելու տեղը աչքը հանի: Մենք մտանք համագործակցության մեջ ՀՀԿ-ի հետ՝ ունենալով հստակ նպատակ` կառավարման համակարգը փոխել, ընտրողին տալ հնարավորություն իշխանություն որոշելու և հնարավորություն, որ վերընտրվեն, ոչ թե վերարտադրվեն»,- ասաց նա:

Ըստ Ռուստամյանի` ապրիլի 2-ին կայանալիք որոշումները որոշիչ են նաև այն իմաստով, որ հիմնադիր խորհրդարան է ձևավորվում, որի շնորհիվ պետք է շարունակվեն ռեֆորմները: Նրա խոսքով՝ կարևոր է, որ ՀՅԴ-ն բավարար ու համապատասխան քանակի ներկայացվածություն ունենա խորհրդարանում, որպեսզի կարողանա կյանքի կոչված փոփոխություններն իրականություն դարձնել և հետևել, որ հետ պտտելու մեխանիզմ չլինի:

Ռուստամյանը նաև նշեց, որ ռեյտինգային ընտրակարգն ՀՅԴ-ի սրտով չի եղել, բայց դա եղել է կոմպրոմիսի արդյունք, որպեսզի մյուս կարևոր ծրագրերը կյանքի կոչվեն: «ՀՀԿ-ի հետ համագործակցության գնալով` մենք ի՞նչ արեցինք. հինգ մանդատ ունեցող ֆրակցիան կարողացել է երկրի համակարգը փոխել, կառավարման նոր համակարգ հիմնել և ընտրակարգ փոխել: Արդար Հայաստանին հասնելու համար պետք է ունենանք ձեր քվեն: Մենք ձեզնից հայցում ենք մանդատ, որ կարողանանք այս փոփոխությունները տեղ հասցնել»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչը: