կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-27 11:56
Քաղաքական

Պատգամավորի ազգական գյուղապետը չի հերքում, որ միջադեպ է եղել

Պատգամավորի ազգական գյուղապետը չի հերքում, որ միջադեպ է եղել

Փարպիի համայնքապետ Իշխան Առաքելյանը, ով պատգամավոր, պատգամավորության թեկնածու Բազմասեր Առաքելյանի ազգականն է, Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին, նախ ամեն կերպ ջանաց հերքել, թե որեւէ բան է եղել, ապա մեր պնդող հարցին՝ ընդհանրապե՞ս ոչ մի միջադեպ չի եղել, հանկարծ ինչ-որ բան հիշեց և ասաց. «Հավաքի ժամանակ պարել են, պարելուց ինչ-որ բան է եղել: Մենք ասացինք, չէ՞, որ էդ օրը մենք հավաքի ենք եղել: 200 հոգով հավաքվել էինք, էդ ա եղել: Ի՞նչ ա եղել, մարդ են տարբեր գյուղերից եկել էին, միջադեպ է եղել»:

Հարցին` որտե՞ղ է եղել «հավաքը», Առաքելյանն ասաց. «Ռեստորանում` «Դելնավույի ձոր» են ասում, ի՞նչ են ասում: Մարդ են, պարելուց մի բան ա եղել, է հետո՞, դրանից սարքել են եսիմ ինչ»:

Իսկ թե ո՞ւմ միջև է միջադեպը եղել, գյուղապետը դժվարացավ պատասխանել. «Ես ի՞նչ իմանամ, 200 հոգի հավաքված էին, ի՞նչ իմանամ` ում միջև ա միջադեպ եղել»:

Բազմասեր Առաքելյանը շարունակում է համառել, թե միջադեպ չի եղել. «Ես կռիվ ծեծկռտուք, քաշքշուկ տենց բան արել եմ 10 տարի առաջ` ըմբշամարտի գորգի ռինգի մեջ»:

Հիշեցնենք, որ երեկ լրագրող Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, այժմ ՀՀԿ ցուցակով ռեյտինգային թեկնածու Բազմասեր Առաքելյանի մի քանի տասնյակ կողմնակիցներ Առաքելյանի տուն են հրավիրել համագյուղացիներից մեկին ու, տեղեկանալով, որ նա քվեարկելու է Դաշնակցության օգտին, ծեծի են ենթարկել նրան:

Yerkir.am-ը շարունակելու է հետեւել զարգացումներին: