կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-22 14:47
Հասարակություն

Նուբարաշեն համայնքը նոր մանկապարտեզ կունենա

Նուբարաշեն համայնքը նոր մանկապարտեզ կունենա

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներառել է որոշում` Երևանի համայնքին գույք նվիրաբերելու մասին: Մասնավորապես` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին  ամրացված` Երևանի Նուբարաշենի վարչական շրջանի Չնքուշի 14 հասցեում գտնվող շենքային տարածքը` հողատարածքը,  սպորտային հրապարակը և զրուցարան-տաղավարները  հետ վերցնել և նվիրաբերել Երևանի համայնքին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Նուբարաշենի վարչական շրջանի աշխատակազմի կողմից մանկապարտեզ կազմակերպելու նպատակով:

Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի միջնորդությամբ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին է դիմել Երևանի քաղաքապետը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  ենթակայությանը հանձնված «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի  ազատ մասնաշենքը Նուբարաշեն վարչական շրջանին տրամադրելու հարցով՝ նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով:

Նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով Երևանի քաղաքապետի առաջարկությունը նախարարությունը համարում է համահունչ կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների բնույթին և գտնում է, որ մանկապարտեզի գործունեությունը կարելի է դիտարկել որպես մեկ համալիր գործունեություն՝ կազմակերպության գործունեության հետ: Նպատակ է հետապնդվում ապահովել սոցիալական պաշտպանության ոլորտում կարիք ունեցող ընտանիքներին համապատասխան ծառայությունների մատուցումը:

Որոշման ընդունման դեպքում կլուծվի Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում մանկապարտեզի ծառայություններից օգտվելու կարիք ունեցող ընտանիքների խնդիրը և այն կնպաստի մանկապարտեզ և կազմակերպություն հաճախող երեխաների ինտեգրման գործընթացին: