կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-06 17:36
Հասարակություն

Կառավարության հատկացրած 2,9 մլրդ դրամով մարզերում 15 նոր դպրոց և 10 նոր մանկապարտեզ կկառուցվի. ԿԳՄՍՆ

Կառավարության հատկացրած 2,9 մլրդ դրամով մարզերում 15 նոր դպրոց և 10 նոր մանկապարտեզ կկառուցվի. ԿԳՄՍՆ

Կառավարության՝ մայիսի 6-ին կայացած նիստի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեն ավելացվել է 2 մլրդ 942 մլն 825 հազար դրամով: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի զեկուցմամբ` գումարը նախատեսվում է հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ ՀՀ մարզերում սովորողների փոքր համակազմ ունեցող 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցումը շարունակելու, ինչպես նաև 10 մոդուլային մանկապարտեզների շինարարության համար:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը, մասնավորապես, Արմավիրի մարզի Արևիկ համայնքում 144 սանի համար նախատեսված մոդուլային մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներն այս տարի կավարտվեն, իսկ 9 համայնքում նույն տիպի մանկապարտեզների կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերը կմշակվեն, կտրվի նաև շինարարական աշխատանքների մեկնարկը:

Մոդուլային դպրոցների մարզային բաշխվածությունը 

·    Սյունիքի մարզ` 3 դպրոց. Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց, Վաղատինի միջնակարգ դպրոց, Դարբասի միջնակարգ դպրոց,

·    Արագածոտնի մարզ` 2 դպրոց. Լուսակնի միջնակարգ դպրոց, Գառնահովիտի  միջնակարգ դպրոց,

·    Գեղարքունիքի մարզ` 2 դպրոց. Լեռնահովիտ գյուղի Վ. Բարեղամյանի անվան հիմնական դպրոց, Շատջրեք գյուղի միջնակարգ դպրոց,

·    Լուռու մարզ` 2 դպրոց. Մեդովկայի միջնակարգ դպրոց, Հագվու հիմնական դպրոց,

·    Կոտայքի մարզ` 2 դպրոց. Ջրառատի միջնակարգ դպրոց, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց,

·    Արարատի մարզ` 1 դպրոց. Դեղձուտի միջնակարգ դպրոց,

·    Արմավիրի մարզ` 1 դպրոց. Արգինայի միջնակարգ դպրոց,

·    Վայոց ձորի մարզ` 1 դպրոց. Եղեգիսի միջնակարգ դպրոց,

·    Շիրակի մարզ` 1 դպրոց. Բերդաշենի միջնակարգ դպրոց:

Նախագիծը ներկայացնելիս ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ կառուցվող բոլոր մոդուլային դպրոցներն ապահովված կլինեն ապաստարաններով:

«Ենթադրվում է, որ մոդուլային դպրոցները պետք է ծառայեն նաև որպես համայնքային զարգացման կենտրոններ` ստանձնելով մշակութային, սպորտային և ժամանցի կենտրոնի գործառույթներ»,- նշել է նա:

Մոդուլային մանկապարտեզների մարզային բաշխվածությունը

·    Արմավիրի մարզի Արևիկ համայնք. (Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի շինարարությունը մինչև տարեվերջ ավարտին հասցնելու համար հատկացվել է 496 մլն 565 հազար դրամ),

·    Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք,

·    Արարատի մարզի Արալեզ համայնք,

·    Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնք,

·    Լոռու մարզի Սպիտակ համայնք,

·    Կոտայքի մարզի Հրազդան համայնք,

·    Շիրակի մարզի Արթիկ համայնք,

·    Սյունիքի մարզի Կապան համայնք,

·    Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայր,

·    Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայր:

Ըստ Կառավարության որոշման` մոդուլային մանկապարտեզների կառուցման նպատակով նախատեսվել է 1 մլրդ 396 մլն 565 հազար դրամ: Մանկապարտեզների կառուցումը նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածությունը մեծացնելու՝ պետական ծրագրով նախատեսված միջոցառումներից է:

Մարզերում մոդուլային դպրոցների կառուցման ծրագրին կհատկացվի 1.5 մլրդ դրամ: Համայնքային բնակավայրերն ընտրվել են` հաշվի առնելով, որ դպրոցում սովորում է մինչև 100 աշակերտ, ունի սեյսմակայունության խնդիր, ուստի շենքի վերականգնումը տնտեսապես արդյունավետ չէ: Պարտադիր պայման է նաև, որ տվյալ դպրոցը բնակավայրում միակը լինի: 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցումը մեկնարկել է 2020 թվականին, որը, սակայն, պատերազմական իրավիճակով պայմանավորված, անցյալ տարի ընդհատվել է: Այժմ ծրագիրը շարունակվում է:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրթության ոլորտի բարեփոխումները Կառավարության համար առաջնային նշանակություն ունեն, և այդ ուղղությամբ նախաձեռնվել են պետական մի շարք ծրագրեր` մանկապարտեզից մինչև գիտություն: Վարչապետի պաշտոնակատարը հանձնարարել է մշակել նախադպրոցական կրթության ոլորտի մանկավարժների մասնագիտական կատարելագործման նոր համակարգ, որպեսզի վերապատրաստումներն ու ատեստավորումները խթանեն մանկավարժների աշխատավարձի բարձրացումը:

Մարզպետներն էլ հանձնարարական են ստացել ՀՀ բոլոր բնակավայրերում մանկապարտեզներ հիմնելու վերաբերյալ: