կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-15 11:34
Հասարակություն

Ալավերդու քաղաքապետը ողբերգական դեպքից հետո կարգադրել է ժամանակավորապես փակել մանկապարտեզը

Ալավերդու քաղաքապետը ողբերգական դեպքից հետո կարգադրել է ժամանակավորապես փակել մանկապարտեզը

Ալավերդու քաղաքապետի կարգադրությամբ ժամանակավորապես դադարեցվել է քաղաքի թիվ 3 մանկապարտեզի գործունեությունը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ Ալավերդու քաղաքապետարանից: Մեզ հայտնեցին նաև, որ աշխատանքից կազատվեն մանկապարտեզի տնօրենն ու դաստիարակը:

Հիշեցնենք, որ երեկ ողբերգական դեպք էր տեղի ունեցել Ալավերդիում: Ժամը 11:30-ին «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ` 2013 թվականի ապրիլի 6-ին ծնված տղա երեխա:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ 2017 թվականի փետրվարի 14-ին` առավոտյան, երեխան մոր ուղեկցությամբ գնացել էր նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ մայրը նրան հանձնել էր նշված հաստատության դաստիարակչուհու հսկողությանը։ Նախնական տվյալներով՝ ժամը 09։30-ի սահմաններում դաստիարակչուհին կազմակերպել էր ներկա-բացակա, որին փոքրիկը ներկա եղել էր, իսկ ստուգելու գործողությունն ավարտելուց հետո նկատել էր, որ նա բացակայում է։

Ըստ դաստիարակչուհու՝ այդ մասին հեռախոսազանգով տեղեկացրել էր երեխայի մորը։ Փոքրիկի դին հայտնաբերել էր նրա պապը՝ նրան որոնելիս, նախադպրոցական ուսումնական հաստատությանը կից հոսող Դեբեդ գետում` բերանքսիվայր ջրում ընկած վիճակում, ոտքերով դեպի ափամերձ մասը և անմիջապես տեղափոխել «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն: