Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին Պեկինում հանդիպում է ունեցել չինական մի քանի խոշոր ընկերությունների` Ganergy Heavy Industry Group, Hajer, Սինձյան նահանգում գործունեություն ծավալող «Չժեն Ի» և MZTL ընկերությունների ղեկավարների հետ, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հեռանկարներն ու հնարավորությունները:
Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել ՉԺՀ կատարած աշխատանքային այցի արդյունքներից և նշել, որ առաջիկայում պետք է քննարկվեն այն քայլերը, որոնք կնպաստեն երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը:
«Ուրախ եմ ձեզ հետ քննարկել ձեր հետաքրքրությունները և առաջարկները: Այսօր Հայաստանում կատարվում են լուրջ փոփոխություններ, մեր երկրում վերացված են համակարգային կոռուպցիան, տնտեսական մենաշնորհները: Մեր քայլերն ուղղված են տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանը և բիզնես միջավայրն առավել գրավիչ դարձնելուն»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ հաշվի առնելով ՉԺՀ-ի ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը` նպաստավոր պայմաններ են ստեղծվել չինական ներդրումների համար:
«Չժեն Ի» ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են Չինաստան ներմուծել հայկական կոնյակ, գինի, գյուղատնտեսական վերամշակված ապրանքներ, նաև ներդրումներ կատարել մեր երկրում` ստեղծելով արդյունաբերական գոտի:
MZTL ընկերության ղեկավարներն էլ պատրաստակամություն են հայտնել Հայաստանում հիմնել վերելակների արտադրություն: Այդ նպատակով ընկերությունը պատրաստվում է Հայաստան տեղափոխել վերելակների փոքր խմբաքանակ` դրանց արդյունավետությունը գնահատելու նպատակով:
Վարչապետ Փաշինյանն առաջարկել է նշված ընկերությունների ներկայացուցիչներին ՀՀ կառավարության ոլորտային պատասխանատուների հետ քննարկել համագործակցության հետագա քայլերը, այդ թվում` Մեղրիի ազատ տնտեսական գոտում չինական ընկերությունների գործունեության հեռանկարները: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը դիտարկում է որպես հաղորդակցության և տրանսպորտային միջանցք և ուրախ է, որ ՉԺՀ կառավարությունը հետաքրքրված է նաև այդ ծրագրի իրականացման գործում համագործակցությամբ:
Երևան վերադառնալուց առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև ՉԺՀ-ում Հայաստանի դեսպանություն: Վարչապետի աշխատանքային այցը ՉԺՀ ավարտվել է: