կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-31 18:47
Քաղաքական

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Իրանի Պնախարարի հետ

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Իրանի Պնախարարի հետ

Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 31-ին հանդիպել է ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանին։

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է հայկական պատվիրակությանը եւ շնորհավորել հայոց բանակի կազմավորման  25-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ընդծելով հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը, երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հարաբերություններն ընդլայնելու եւ զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ հայ-իրանական համագործակցությունն առավել խորացնելու համար անհրաժեշտ է պարբերական հանդիպումների եւ խորհրդակցությունների մեխանիզմ մշակել։

Հանդիպման ընթացքում, բացի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից, քննարկվել են նաեւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին եւ կարեւորելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերը, կողմերն ընդգծել են խնդրի խաղաղ, բացառապես բանակցային ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին Վիգեն Սարգսյանն ու Հոսեյն Դեհղանին հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով, որի ընթացքում ամփոփել են կայացած բանակցությունների արդյունքները։

Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թեհրանում գտնվող «Մալեք Աշթար» համալսարան, որի գործունեության հիմնական ուղղություններից մեկը պաշտպանական ոլորտին առնչվող նախագծերի իրականացումն է։ Նշելով, որ Հայաստանի համար մեծ կարեւորություն ներկայացնող ոլորտներից մեկը ռազմարդյունաբերությունն է, Վիգեն Սարգսյանն ընդգծել է պաշտպանական ոլորտում Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը նաեւ գիտական հարթությունում։

Ավելի ուշ հայկական պատվիրակությունն այցելել է նաեւ «Իրանի էլեկտրոնային արդյունաբերություն» ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանական ոլորտի համար տեխնոլոգիական լուծումներ նախագծելու եւ իրականացնելու մեջ։