| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հոկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները:
Ալեքսանդր Ֆոմինը, մասնավորապես, նշել է ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու լայն հնարավորությունների և դրանք կյանքի կոչելու պատրաստականության մասին և այս առումով կարևորել է Հայաստանում սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք» միջազգային ցուցահանդեսի անցկացումը:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր հերթին ընդգծել է վերջին տարիներին Հայաստանում կուտակված զգալի գիտակրթական ներուժի, տնտեսապես շահավետ նոր մշակումների մասին, որոնք ոչ միայն պաշտպանության ոլորտում օգտագործելու, այլև միջազգային շուկաներ դուրս գալու հեռանկարներ ունեն:
Կողմերը քննարկել են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները և գոհունակություն հայտնել դրանց կատարման ընթացքի վերաբերյալ: 
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Վլադիմիր Դրոժժովը ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցությունը կարգավորող Լրացուցիչ Արձանագրություն:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի իրականացման կարգի մասին Համաձայնագիրը: