կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-23 15:02
Հասարակություն

Արցախում զոհված Կարենն ընկերների հետ 2014-ին հետ էր մղել թշնամու դիվերսիան (լուսանկարներ)

Արցախում զոհված Կարենն ընկերների հետ 2014-ին հետ էր մղել թշնամու դիվերսիան (լուսանկարներ)

Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող` 22-ամյա Կարեն Մարատի Ուլուբաբյանն ակտիվորեն մասնակցություն է ունեցել 2014-ի օգոստոսյան և 2016-ի ապրիլյան գործողություններին:

Մեր տեղեկություններով՝ Կարենի հայրն, ով Արցախյան ազատամարտի մասնակից էր, մահացել է տարիներ առաջ: Կարենը կրում էր զոհված հորեղբոր՝ Արցախյան ազատամարտում զոհված հերոս Կարեն Ուլուբաբյանի անունը, որի հիշատակին ներկայումս հերոսի անկյուն կա Մարտունի 3-ում: Կարենի եղբայրն էլ է այժմ ծառայում նույն զորամասում:

2014թ. օգոստոսին Կարենն իր ընկերների հետ կանխել էր Մարտունու ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիան: 

Հիշեցնենք, որ 2014-ին Մարտունու ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների ժամանակ հակառակորդը տվել էր 4 զոհ և 3 վիրավոր: Ցավոք, այդ ընթացքում հայկական կողմը տվել էր 1 զոհ և 4 վիրավոր:

«Իր հոր ու հորեղբոր պես հայրենասեր էր, նվիրված, անվախ, դուխով տղա»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Կարենի նախկին ծառայակից Գառնիկ Դավթյանը:

Նա պատմեց, որ Կարենն առաջինն է նկատել հակառակորդի ներթափանցման փորձը, և եթե աչալուրջ չլիներ, այդ օրը զոհեր կունենայինք: «Առաջինը նա տեսավ, անմիջապես տեղեկացրեց: Իրար հետ ենք կրակել թշնամու ուղղությամբ»,- ասաց նա:

Կարենը ԼՂՀ Մարտունու շրջանից էր, նա պայմանագրային հիմունքներով ծառայության է անցել 2016-ի օգոստոսի 14-ին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 430 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը առավել ինտենսիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից (92 կրակոց), ինչպես նաև կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: