Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում է քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգին հավանություն տալու մասին հարցը:
Հայեցակարգի ընդունումը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորման, Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների վերաբերյալ իրավական կարգավորումների կատարելագործման ու Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին ու գոյություն ունեցող լավագույն միջազգային փորձին այն համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Քրեակատարողական համակարգում առողջապահական ծառայությունների որակը միջազգային չափանիշների, օտարերկրյա քրեակատարողական համակարգերի առողջապահական ծառայությունների և ՀՀ հանրային առողջապահական ծառայությունների համեմատությամբ զգալիորեն ցածր է։ Դրա պատճառներից են շենքային, նյութատեխնիկական և կադրային հագեցվածության անբավարար մակարդակը, առողջապահական ծառայությունների իրականացմանը ներկայացվող պահանջների բացակայությունը, բժշկական անձնակազմի կարգավիճակին, որակավորմանը և սոցիալական երաշխիքներին առնչվող խնդիրները, առողջապահական սպասարկման ծառայությունների վերահսկողության անկատարությունը, բժշկական փաստաթղթերին ու վիճակագրությանը, փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների թերությունները և դրանց վարման անբավարար մակարդակը, բժշկական գաղտնիքի անտեսումը, պացիենտի իրավունքների իրացման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը, խոցելի խմբերին առնչվող առանձնահատուկ կարգավորումների բացակայությունը, քրեակատարողական առողջապահության անարդյունավետ ինստիտուցիոնալ համակարգը, համապատասխան իրավական կարգավորումների թերությունները, հաճախ՝ դրանց բացակայությունը։
Քրեակատարողական համակարգում գտնվող անձանց տրամադրվող բժշկական ծառայությունները բարելավելու նպատակով առաջարկվել է մշակել և հաստատել քրեակատարողական հիմնարկում առաջնային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նկարագիրը, տեխնիկական և կադրային հագեցվածության պահանջներն ու պայմանները։ Հիվանդանոցային ձևով բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նկատառումներից ելնելով՝ առաջարկվել է ծառայությունների բարեփոխման երկու տարբերակ։ Առաջինը՝ ազատությունից զրկված անձանց երկրորդային մասնագիտական բժշկական օգնության տրամադրումը իրականացնել միայն քաղաքացիական հիվանդանոցներում՝ տարածքային տեղակայումից ելնելով և փակել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը։ Անհրաժեշտ է մշակել նաև անվտանգության չափանիշներ: Երկրորդը՝ վերազինել «Դատապարտյալների հիվանդանոցը» և այն վերափոխել որոշակի մասնագիտական (այդ թվում՝ հոգեբուժական, նարկոլոգիական, վերականգնողական, խնամքի) հիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում մատուցող հաստատության, իսկ մասնագիտացված բուժօգնության հիմնական մասը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցներում: Կարելի է դիտարկել նաև երրորդ տարբերակը՝ օտարել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքն ու կից հողամասը և ստացված գումարով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել (կամ վերակառուցել) նոր հիվանդանոց: