կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-17 15:03
Քաղաքական

Ծառուկյանը պայքարելու է երկրում ծառացած խնդիրների դեմ. ԲՀԿ-ական

Ծառուկյանը պայքարելու է երկրում ծառացած խնդիրների դեմ. ԲՀԿ-ական

ԲՀԿ հիմնադիր ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ի վերջո, հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին: Տևական ժամանակ է՝ շատ քաղաքական գործիչներ սպասում էին Ծառուկյանի «դարակազմիկ» հայտարարությանը` իրենց քաղաքական գծում հստակություն մտցնելու համար: Ծառուկյանը թեև հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն, բացում է քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք, սակայն չհստակեցրեց՝ ում հետ է այդ դաշինքը ձևավորելու:

Հայտարարության մեջ նշված է. «Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով: Մենք կարող ենք, մենք ունենք այդ ներքին մեծ ներուժը՝ մեր երկրի զարգացման և հզորացման համար: Ես իմ ժողովրդի առջև պարտք ունեմ կատարելու: Կյանքիս այս կարևոր որոշումը իմ խաչն է, որը կրելու եմ մինչև վերջ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի»: Բայց հարցի պատասխանը, թե Ծառուկյանը ո՞ր քաղաքական դաշտում է գործելու՝ ընդդիմադի՞ր, այլընտրանքայի՞ն, թե՞ իշխանական, նույնպես չստացվեց:

Yerkir.am-ը փորձեց ստանալ վերոնշյալ հարցերի պատասխանները ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից: Նա ասաց, որ Ծառուկյանի գործունեության առանցքում լինելու է պայքարը՝ երկրում ծառացած խնդիրների դեմ: «Արտագաղթի հետ կապված խնդիր ունենք, աշխատատեղերի բացակայության հետ կապված խնդիր ունենք, և, առհասարակ,  երկրում լավատեսության վերականգնման և փոփոխությունների  արձանագրման հետ կապված խնդիրներ կան»,- ասաց Էնֆիաջյանը՝ հավելելով. «Այս բովանդակությունն ամբողջապես արտացոլված էր Գագիկ Ծառուկյանի հայտարարության բովանդակություն մեջ: Վտահ եմ՝ այս հայտարարությանը շատ հայտնի քաղաքական-հասարակական գործիչներ, կառույցներ կարձագանքեն»:

Էնֆիաջյանից հետաքրքրվեցինք՝ այդ արձագանքների՞ց է կախված՝ ինչ դաշտում է գործելու Ծառուկյանը: Նա պատասխանեց. «Երբ կարձագանքեն, երբ ամբողջական տեսք կստանա ընդհանուր մոտեցումը, այդ ժամանակ, բնականաբար, նաև լրատվամիջոցների միջոցով հայտարարություններ տեղի կունենան, որոնցում կամփոփվի աշխատանքային գործունեությունը»:

Էնֆիաջյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի խոսքում արդեն իսկ ասված էր, որ խնդիրները  բազմաթիվ են, և այդ խնդիրները արձանագրված են անձամբ նրա կողմից: «Երբ  ամբողջական  տեսք կստանա այդ համախմբումը, այդ ժամանակ ավելի բովանդակային խոսակցություններ կլինեն: Գագիկ  Ծառուկյանի խոսքին ավելացնելու կամ պակասեցնելու որևէ միտում ես չեմ տեսնում»,- ասաց նա:  

Հարցին՝ այս պահի դրությամբ հայտնի՞ են այն քաղաքական ուժերի կամ թեկուզ մեկ ուժի անուն, որ դաշինքում պետք է լինեն, Էնֆիաջյանը պատասխանեց. «Ես նման տեղեկություն չունեմ,  բայց վստահ եմ, որ նման գործընթացները բոլորի աչքի առջև  են տեղի  ունենալու և հրապարակային»: