Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին և հիմնադրամի խորհրդի անդամ Բեկոր Փափազյանին։
Ողջունելով հյուրերին՝ Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին ՀՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության և պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցման նոր համատեղ ծրագրի նախաձեռնության ու պատրաստակամության համար։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ծրագիրը կնպաստի զինվորների կրթական հնարավորությունների ավելի լայն շրջանակի ձևավորմանը։ «Պետք է այնպես անել, որպեսզի զինվորական ծառայության տարիները նպաստեն ոչ միայն ֆիզիկական ամրապնդմանը, ռազմական ունակությունների ու մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլև ընդհանուր գիտելիքների հարստացմանը»,- ասել է Վիգեն Սարգսյանը։
Հիմնադրամի ներկայացուցիչներն իրենց հերթին վստահություն են հայտնել, որ ծրագիրը հաջողելու է, աշխատանքը լինելու է արդյունավետ և շարունակական։
Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը ստորագրել են համագործակցության մասին հուշագիրը։
Հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակում հիմնադրամի ծրագիր հանդիսացող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պատրաստակամ է պարտադիր ժամկետային զինծառայողներին ուսուցանել 21-րդ դարի հմտությունները՝ կենտրոնի ծրագրի հատուկ տարբերակով։ Ուսումնական ծրագիրը ներառում է կենտրոնի արտադպրոցական ծրագրի 14 ուսումնական ոլորտների ընտրանին։
Ծրագրում ներառված են հետևյալ ուղղությունները՝ համակարգչային ծրագրավորում, ռոբոտաշինություն, համակարգչային գրաֆիկա, թվային երաժշտության ստեղծում։
Զինծառայողների ուսումնական գործընթացը կազմակերպվելու է զինված ուժերի զորամասերի մերձակա «Թումո» կենտրոններում՝ նախապես սահմանված գրաֆիկով և 18 ամիս ժամկետով։ Դասընթացներն անցկացվելու են երեք` սկսնակ, միջին և առաջադեմ մակարդակներով։