կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-05 23:01
Աշխարհ

Համաշխարհային գործիչներ, որոնք կարող են «փչացնել» եվրոպացիների կյանքը 2017-ին. Politico

Համաշխարհային գործիչներ, որոնք կարող են «փչացնել» եվրոպացիների կյանքը 2017-ին. Politico

Հեղինակավոր Politico հրատարակությունը հրապարակել է այն մարդկանց ցանկը, որոնք կարող են «փչացնել» եվրոպացիների կյանքը 2017թ.-ին:

Հոդվածի հեղինակ Տունկու Վարադարայանի խոսքով` այդ ցուցակը կարդալուց հետո «մարդիկ կցանկանան այս տարի պարզապես անկողնում մինչև գլուխը ծածկված անցկացնել»: 

Ցուցակը կազմված է գլխավորապես քաղաքական դեմքերից, սակայն այդտեղ կարելի է գտնել նաև չինական ֆուտբոլային ակումբների ղեկավարների, բրիտանական տաբլոիդներ հրատարակողների և ռուսաստանցի հաքերների:  

Բրիտանական The Sun, Daily Mail, Daily Express տաբլոիդներն այս ցուցակում իրենց տեղն են գտել Մեծ Բրիտանիայի հասարակական կարծիքի վրա ազդեցության համար, այդ թվում` Եվրամիությունից դուրս գալու հարցում: Հեղինակի կարծիքով` հենց նրանց մեղքով Brexit-ը կարող է բավականին հիվանդագին լինել կողմերից յուրաքանչյուրի համար:

Իսկ ահա չինական ֆուտբոլի «բոսսերը» պետք է լուրջ անհանգստություն առաջացնեն եվրոպացիների շրջանում, քանի որ նրանք սկսել են աստղաբաշխական գումարներ վատնել եվրոպական առաջատար ակումբներից մարզիկներ գնելու վրա:

Ռուսաստանցի հաքերների խմբին հեղինակն անվանել է «կործանարար ուժ» միջազգային հարաբերություններում: Վարադարայանը կրկնել է այն պնդումը, որ ռուսաստանցի հաքերներն իրենց անմիջական ազդեցությունն են ունեցել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա, և վախեցրել է ընթերցողներին՝ նշելով, որ այս տարի կիբեռհանցագործների այս խումբը կարող է իր ուշադրությունը կենտրոնացնել Եվրոպայի վրա:

Ցուցակում տեղ է գտել նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արդեն որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակված Մայքլ Ֆլինը: Նա, ըստ Վարադարայանի, քաղաքական առումով այնքան ոչ կոռեկտ անձ է, որ էքսցենտրիկ պահվածքով աչքի ընկնող Դոնալդ Թրամփը նրա կողքին կարող է շատ ավելի համեստ կերպար համարվել:

Իսկ ահա Ուիլբուր Ռոսը, որը կարող է զբաղեցնել առևտրի նախարարի պաշտոնը, Վարադարայանի կարծիքով, կարող է վերջնականապես կործանել Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության դաշինքը և թուլացնել Եվրոպայի ձեռքը Brexit-ի հետ բանակցություններում:

Ցուցակում նաև տեղ են գտել եվրոպական մի շարք կուսակցությունների առաջնորդներ: