կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-21 15:56
Իրավական

Քննիչը վերջում պետք է գնդակահարվի. Վլադիսլավ Մանգասարյան

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մեկնարկեց դեռևս վեց տարի առաջ բացահայտված` բազմաթիվ քաղաքացիներից բնակարաններ հափշտակելու վերաբերյալ աղմկահարույց գործի քննությունը:

Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է Վլադիսլավ Մանգասարյանը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործով ներգրավված է 26 տուժող:

Տուժողներից մեկը Yerkir.am-ին պատմեց, որ դեռևս 6 տարի առաջ 180.000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել գրասենյակային տարածք, սակայն մինչ օրս չի ստացել ո'չ տարածքը, ո'չ էլ գումարը:

Համաձայն մեղադրական եզրակացության` Վլադիսլավ Մանգասարյանը, Երևան քաղաքում իրականացնելով բազմաբնակարան շենքերի շինություն, ինչպես նաև ստանալով Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա և Մաշտոցի 33/1 հասցեներում կառուցվող շենքերից տարածքներ օտարելու իրավունք, իսկ հետագայում փաստացի հանդիսանալով նաև հիշյալ շինությունների սեփականատեր, «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի բաժնետեր և ընկերության տնօրենին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տվող անձ, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղիներ վաճառելու պատրվակով 2005-2011թթ. ընթացքում միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների և ՍՊԸ-ի առանձնապես խոշոր չափերի` 2.255.412.294 ՀՀ դրամ արժողությամբ գույքը:

Նշենք, որ «Արին Կապիտալ» ընկերությունը պատկանել է սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանին, որի կատարած ներդրումներին և սնանկությանը Yerkir.am-ն իր հրապարակումներում բազմիցս անդրադարձել է: Ըստ Էդմոնդ Խուդյանի՝ նրա կողմից հիմնադրված «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին պատկանող հազարավոր քմ տարածքները ընկերության տնօրեն Է.Եսայանի և շինարար Վլադիսլավ Մանգասարյանի կողմից 2010թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին օտարվել են, իսկ գումարները` գրպանվել: Ավելին` չեն վճարվել նաեւ օտարումներից առաջացած ահռելի հարկերը:

Արդեն ամբաստանյալի կարգավիճակում գտնվող Մանգասարյանն այսօր Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: «Երեք տարի շարունակ ես այս գործով որպես վկա էի անցնում, իսկ քրեական գործն ընդհանրապես իմ կապակցությամբ հարուցված չէր: Թե ինչո՞ւ շուռ եկավ այսպես, դատարանը կպարզի»,- ասաց նա:

Մանգասարյանի խոսքով՝ իրականում ոչ թե ինքը, այլ Էդմոն Խուդյանն է հանցագործ: «Էդմոն Խուդյանը պատասխան կտա օրենքի բոլոր տարրերով. բոլոր փաստաթղթերը, որ ապացուցում են, որ նա հանցագործ է, կան»,- ասաց նա:

Մանգասարյանը հայտնեց, որ սկզբնական փուլում գործը քննած` պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունն անտեսել է այն հանգամանքը, որ պետությանը միլիոնավոր դրամների վնաս է պատճառվել:

Անդրադառնալով բնակարանների վաճառքների կեղծ գործարքներին` նա ասաց. «Քննիչը գրել է, որ դա կեղծիքով է արվել, այսինքն` քննիչն ասում է, որ Հայաստանի դատական ատյանները կեղծիքով են զբաղված: Էդ քննիչը պետք է գնդակահարվի վերջում, այսինքն` նա առնվազն մեղադրում է վճռաբեկ դատարանի նախագահին»:

Դիտարկմանը, թե հնարավոր է` դատական ատյանում պարտվելուց հետո ստիպված լինի արտագաղթել, Մանգասարյանը պատասխանեց. «Ես արտագաղթելու չեմ գնա, սա իմ երկիր է, ես բոլոր սրիկաներին պիտի արտագաղթեցնեմ ու մաքրեմ երկիրն աղբից»:

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: