Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ին նոր ՝ ուշագրավ, մանրամասներ են հայտնի դարձել նոյեմբերի 20-ին Աջափնյակ վարչական շրջանում 56-ամյա Սամվել Արշակյանի սպանության դեպքի մասին: Մեր տեղեկություններով՝ սպանվածը ոսկերիչ էր, բնակվել է Խոպան կոչվող թաղամասում:
Ականատեսների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Արշակյանի սեփական տան դիմաց՝ դստեր ու 3-ամյա թոռան աչքի առջև: Սպանության դեպքը կապված է Հյուսիսային ավտոկայանի տնօրենի տեղակալ, Աջափնյակի թաղապետարանի նախկին պաշտոնյա Արմեն Բաղդասարյանի և նրա որդու՝ 24-ամյա Աշոտ Բաղդասարյանի հետ, ով ներկայումս այս գործով գտնվում է կալանքի տակ: Նշենք նաև, որ, ըստ տեղեկությունների, Աշոտ Բաղդասարյանը եղել է ոստիկանության ակադեմիայի սաներից և առնվազն մեկ տարի աշխատել է որպես ոստիկան:
Աջափնյակում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սամվել Արշակյանի որդիները Խոպանում հեղինակություն են վայելում, ինչը դուր չի եկել Արմեն Բաղդասարյանին: Նույն լուրերի համաձայն՝ Արմեն Բաղդասարյանը մշտապես փորձել է իր ազդեցությունը տարածել Արշակյան եղբայրների վրա, սակայն, նրանք միշտ ըմբոստացել են: Իսկ բուն դեպքը կապված է եղել այն բանի հետ, թե իբր մահացածի որդին անհարգալից է խոսել Արմեն Բաղդասարյանի հետ՝ հեռախոսային զրույցի ժամանակ նրան անունով դիմելով, ինչն էլ դուր չի եկել Բաղդասարյանի որդուն՝ Աշոտ Բաղդասարյանին:
Մեզ հասած որոշ տեղեկությունների համաձայն՝ Արմեն Բաղդասարյանը զրույցի ժամանակ Տիգրանի հետ անհարգալից է խոսել: Արմեն Բաղդասարյանի և սպանվածի որդու՝ Տիգրանի հետախոսազրույցից մոտ 15 րոպե հետո Բաղդասարյանի որդին՝ Աշոտը, ժամանել է Արշակյանենց տան բակ ու Տիգրանին հրավիրել դուրս՝ նրանից հաշիվ պահանջելու: Ականատեսների խոսքով՝ դրսում խոսակցությունը տևել է մոտ 5 րոպե, ինչից հետո Աշոտն անսպասելի մեքենայից վերցրել է ատրճանակն ու, դիմելով Տիգրանին, ասել. «Տիգրա՞ն, հորս Արմենով ես դիմե՞լ», ապա հարվածել է նրան, ինչին հաջորդել են կրակոցներ:
Այդ ընթացքում հայրը փորձել է պաշտպանել որդիներին, արդյունքում հինգ կրակոց է արձակվել, որոնցից երկուսը որդիների ուղղությամբ է եղել, երեքը՝ Սամվել Արշակյանի ուղղությամբ, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառը: Խոսակցություններ կան, որ ներկայումս Բաղդասարյանները փորձում են կատարվածը որպես ինքնապաշտպանություն որակել, իսկ տարբեր շրջանակներում էլ հայտարարում են, որ քավոր-սանիկական հարաբերություններ ունեն ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ:
Yerkir.am-ի հետ զրույցում այս գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հովիկ Արսենյանը հայտնեց, որ դեպքի կապակցությամբ փորձաքննություններ են նշանակվել:
Դիտարկամանը, թե հնարավոր է կատարվածն ինքնապաշտպանություն է եղել, Արսենյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել ընտանիքի անդամների և հարևանների ներկայությամբ և ակնհայտ է, որ կատարվածը սպանություն է: «Դեպքը տեւել է 3-5 րոպե: Մեղադրյալը հրազենը պահել է Սամվելի մարմնի վրա և կրակել, ինչից հետո դիմել է փախուստի, իսկ այս պարագայում ավելորդ է խոսել ինքնապաշտպանության մասին»,-ասաց նա:
Պաշտպանի խոսքով՝ երբ կասկածյալը ներկայացել է ոստիկանություն, նրան դատաբժշկական փորձաքննության են ներկայացրել, պարզվել է, որ նա բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել: «Ով գիտի՝ տարել են՝ ծեծել, արհեստական մարմնական վնասվածքներ են «ստացել», որպեզի ինքնապաշտպանության վարկածն առաջ քաշեն, սակայն բոլորն էլ գիտեն, թե ինչ է իրականում տեղի ունեցել»,-ասաց նա:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ներկայումս նախաքննություն է ընթանում: