Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի խումբ լրագրողներ այսօր դիմել են արդարադատության նախարարության ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին տեսակցելու հարցով:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի առողջական խնդիրների մասին ահազանգել են նրա պաշտպաններ Տիգրան Եգորյանն ու Դավիթ Գյուրջյանը։ Նրանք դիմումներ են ուղարկել արդարադատության նախարարություն, քրեակատարողական վարչություն, «Նուբարաշեն» ՔԿՀ եւ ՄԻՊ գրասենյակ: Պաշտպանները պահանջել են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Արթուր Սարգսյանին պատշաճ բուժզննություն եւ օգնություն տրամադրելու համար, նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, ապահովել պատշաճ բուժում ու խնամք:
Ամբողջությամբ ներկայացնում ենք լրագրողների նամակը.
«ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա Ծռեր» խմբի անդամներին այս տարվա հուլիսի 26-ին հաց հասցրած ու արդեն 5 ամիս կալանքի տակ գտնվող Արթուր Սարգսյանն ունի առողջական լուրջ խնդիրներ: Երեկ այս մասին լրատվամիջոցներին ու Ձեզ ահազանգել են Արթուր Սարգսյանի փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Դավիթ Գյուրջյանը: Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վատթարացման մասին իր անհանգստությունն է հայտնել նաեւ նրա եղբայրը՝ Արսեն Սարգսյանը:
Մասնավորապես՝ ըստ փաստաբանների հաղորդագրության` դեկտեմբերի 10-ին Սարգսյանի մոտ սկսվել են գլխապտույտներ, սրտխառնոց եւ փսխումներ: Դեկտեմբերի 11-ին Արթուր Սարգսյանի մոտ արդեն սկսվել են արյունային փսխումներ: Կանչվել է շտապօգնություն եւ Սարգսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվել է հետազոտություն, ինչի արդյունքում ախտորոշվել է կերակրափողի էրոզիա եւ ճաք, որից տեղի էր ունենում արյան արտահոսքը, աղեստամոքսային համակարգի խնդիրներ, նշանակվել է բուժում դեղորայքի եւ ներերակային կաթիլային ներարկումների միջոցով: Այնուհետեւ Սարգսյանը կրկին տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Փաստաբաններն իրենց նամակում նշել են, որ այդ հիվանդությունների արդյունավետ բուժումն ակնհայտորեն չի կարող ապահովվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Հարգելի պարոն Օսիկյան, հաշվի առնելով այն, որ Արթուր Սարգսյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը հանվել է, ուստի խնդրում ենք Ձեզ Արթուր Սարգսյանին տեսնելու եւ հարցազրույց ունենալու հնարավորություն ընձեռել (տեսանկարահանում ու ձայնագրություն):
Հարգելի պարոն Թաթոյան, խնդրում ենք նաեւ Ձեր ներկայությունը «Նուբարաշեն» ՔԿՀ լրագրողների մեր խմբի այցելությանը (կամ ՄԻՊ արագ արձագանքման խմբի ներկայացուցիչների), ինչպես նաեւ ցանկանում ենք, որ ներկա լինեն Արթուր Սարգսյանի փաստաբանները:
Հ.Գ. Այն լրագրողները, որոնք ցանկանում են միանալ այս նախաձեռնությանը, կարող են արձագանքել` գրելով առաջարկի տակ արդեն իսկ ստորագրած լրագրողներին կամ լրատվամիջոցներին
Կանխավ շնորհակալություն
Հարգանքով`
Տաթև Խաչատրյան «Հայկական Ժամանակ»
Զարուհի Մեջլումյան «Հետք»
Սոնա Մաշուրյան «Փաստինֆո»
Թագուհի Հակոբյան «Հրապարակ»
Անի Վարդանյան «Սիվիլնեթ»
Փայլակ Ֆահրադյան Araratnews.am
Նարինե Ղլեչյան «Ազատություն» ռադիոկայան
Թագուհի Մելքոնյան Yerkir.am»: