|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և «ԱՐՓԱ» (Ուսումնասիրություն, հետազոտություն և ծրագրավորում Հայաստանի համար) կազմակերպության նախագահ Հակոբ Փանոսյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Հուշագրով կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել ուսումնական և գիտական համատեղ ծրագրեր իրագործելու և մրցույթներ կազմակերպելու ուղղությամբ, նպաստել բուհերում հեռավար ուսուցման և վերապատրաստման արդյունավետ ծրագրերի ներդրմանը, հեռավար ուսումնական և գիտական բնույթի միջոցառումների կազմակերպմանը:
Խրախուսելով միջազգային և համահայկական գիտակրթական ներուժի ներգրավումը Հայաստանում՝ կողմերը կթողարկեն հրապարակային դասախոսությունների, սեմինարների, կոնֆերանսների, ուսումնական և գիտական բնույթի ձեռնարկներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով մայրենի լեզվի պահպանմանը և հայագիտության զարգացմանը: Մասնավորապես նախատեսվում է հայագետների միջև հաղորդակցական հարթակի ստեղծում, երիտասարդ հայագետների գիտական գործունեության մասին տեղեկությունների տարածում, երկկողմանի թարգմանությունների իրականացում, կոնֆերանսների և սեմինարների կազմակերպում, գիտելիքի գնահատում և վկայագրում:
Կողմերը կփոխանակեն տեղեկություններ՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում նպատակներին համահունչ բարեփոխումների, իրականացվող ծրագրերի, ոլորտի իրավիճակային վերլուծությունների արդյունքների վերաբերյալ: Միաժամանակ համաձայն հուշագրի՝ քայլեր կձեռնարկեն ուսումնական գործընթացի կազմակերպման և տարբեր ոլորտներում գիտական հետազոտությունների անցկացման հետ կապված կարիքների գնահատման և հետագա բավարարման ուղղությամբ:
ՀՀ ԿԳՆ