Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում պատգամավորները, նախքան նիստի սկսվելը, մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը:
Այսօր շարունակվում էր «Տեղական տուրքերի, վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին Վանաձորում ստեղծված իրավիճակի մասին: Ըստ պատգամավորի` այնտեղ չկա քաղաքական մեծամասնություն, բայց կա քաղաքապետ, որն ի զորու չէ գումարել նիստեր: Մարուքյանը նշեց, որ վեց ամիս ավագանու նիստ չգումարելու դեպքում ավագանու լիազրությունները դադարում են:
«Արդյո՞ք օրենքը փոփոխելիս հաշվի եք առել այս վիճակը: Այս երեք քաղաքներում՝ Վանաձորում, Երևանում ու Գյումրիում, ըստ էության, պառլամենտական մոդել է դրված, բայց եթե քաղաքապետը քաղաքական մեծամասնություն չի ունենում, ո՞րն է ձեր մեկնաբանությունը»,- հարցրեց պատգամավորը:
Վաչե Տերտերյանը նշեց, որ օրենքը մշակելիս չեն առաջնորդվել կոնկրետ իրավիճակներով, այլ փորձել են ընդհանուր լուծում գտնել, մինչդեռ պատգամավորը ներկայացնում է կոնկրետ իրավիճակ: Ինչ վերաբերում է Վանաձորում ստեղծված իրավիճակին, ապա, ըստ փոխնախարարի, ինչ-որ լուծումներ կգտնվեն:
«Ինչո՞ւ եք բացառում, որ այդ նիստը հաջորդ անգամ կկայանա: Իրավիճակը պատային չէ, այնուամենայնիվ, ինչ-որ լուծումներ կգտնվեն, ինչ-որ հանգուցալուծում կլինի: Չեմ տեսնում տուպիկային կոնֆլիկտ, հիմա երկու խումբ ուժերի միջև կոնսենսուս չկա, բայց վաղը կարող է լինել: Օրենքի կարգավորումները բավարար են, որպեսզի արձանագրենք, որ ճգնաժամային վիճակ չկա»,- ասաց Տերտերյանը:
Էդմոն Մարուքյանը չհամաձայնեց, թե կոնֆլիկտ չկա: «Փորձ էլ չի արվում նիստ անել: Ես փաստ եմ ասում, որ չկա քաղաքական մեծամասնություն, չկա քաղաքապետ: Եվ եթե այս վիճակը երկարի, ու նիստերը չգումարվեն, ե՞րբ է ժամկետը լրանում, ե՞րբ կառավարությունը պետք է կրճատի ավագանու լիազորությունները»,- հարցրեց նա:
Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ անհանգստանալու կարիք չկա. եթե վեց ամիս նիստերը չգումարվեն, խնդիր կառաջանա, բայց դեռ մեկ ամիս է անցել: