կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-29 17:50
Քաղաքական

Դավիթ Լոքյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին

Դավիթ Լոքյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Ողջունելով հյուրին` նախարարը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության կենսունակությունը, մասնավորապես, համայնքների ներգրավումը տարբեր գործակցություններում և իրականացվող ծրագրերի կարևորությունը:

Այդ համատեքստում նախարար Դավիթ Լոքյանը հատկապես կարևորել է ս.թ. դեկտեմբերի 1-ին և 2-ին կայանալիք  հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ  համաժողովի անցկացումը: Նախարարի խոսքով, համաժողովը հայկական և ֆրանսիական տեղական իշխանությունների համար մասնագիտական փորձի փոխանակման և   համագործակցության զարգացման խնդիրներին համատեղ լուծումներ տալու լավ առիթ կհանդիսանա:

Դեսպան Շարպանտիեն, իր հերթին, ընդգծել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովների կարևորությունը` նշելով, որ դրանք լավ  առիթ են հանրագումարի բերելու անցյալ և պլանավորելու ապագա համագործակցությունները: Տեղական մակարդակում հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից դեսպանը կարևորել է երկու երկրների պատվիրակությունների հաճախակի փոխայցելությունները: Դեսպանի խոքով, այդ այցերը վկայում են երկկողմ հարաբերությունների շարժունակության, զարգացման դինամիկայի մասին, ինչպես նաև հանդիսանում են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության կարևոր վեկտորներից մեկը:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համաժողովին ընդառաջ կայացած հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել համաժողովի առանցքային թեմաների` զբոսաշրջության, գյուղատնտեսության ու տեղական տնտեսական զարգացման, կրթության, մշակույթի և այլ հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդյունավետ համագործակցության համար նորարարական լուծումներ գտնելու պատրաստակամությունը` միտված տարածքների տնտեսական զարգացմանը և տեղական կյանքում քաղաքացիների ավելի մեծ մասնակցության ընդլայնմանը: