Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր` կառավարության նիստի մեկնարկին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ դիմում է գրել` ՀՀԿ կուսակցությանն անդամագրելու համար, և ներկայացրել է յոթ պատճառ:
Yerkir.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ մենք նախընտրական շրջանում ենք, և վարչապետը, որի առջև խնդիր է դրված կարճաժամկետ և երկարաժամկետ փոփոխություններ բերել, ուղղակի չի կարող մինչև 2017 թվականի ընտրություններն այնպիսի արդյունքներ տալ, որից հետո կկարողանա ասել` ես երկիրը դրել եմ ճիշտ ուղու վրա և գնում եմ:
«Այս որոշումով առնվազն մինչև 2018 թվականը կտեղապահվի, դրանից հետո արդյո՞ք Սերժ Սարգսյանը կցանկանա վերադառնալ վարչապետի պաշտոնին, դեռ վաղ է ասել, բայց, ակնհայտորեն, մինչև 2018 թվականը խնդիր է լուծվում»,- ասաց քաղաքագետը, ապա հավելեց. «Բացի այս խնդրից, փաստացի լուծվում է այն խնդիրը, որ Կարեն Կարապետյանը, այսպես ասած, ՀՀԿ-ից տարբերակվելու կամ հեռու կանգնելու գայթակղություն չունենա»:
Սաֆարյանի կարծիքով` եթե մինչև 2018 թվականը Սարգսյանը մնա ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում, դրանից հետո փաստ չունենք, որ նա անպայման կվերադառնա, հետևաբար` կա խնդիր` գլխավորելու Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը, իսկ այդ նախընտրական ցուցակը չի կարող կամ ճիշտ չի լինի, որ գլխավորի անկուսակցական անձը: «Նաև այս խնդիրն է լուծվում, որ Կարեն Կարապետյանը գլխավորի Հանրապետական կուսակցության ցուցակը, և սա նշանակում է նաև, որ որևէ մեկն այլևս չի կարող հույս ունենալ կամ երազել վարչապետ դառնալու մասին: Առաջին համարը լինելու դեպքում Կարեն Կարապետյանը կլինի նաև ՀՀԿ կուսակցության` վարչապետի թեկնածուն խորհրդարանական ընտրություններից հետո, այսինքն` տեղապահի խնդիրն էլ է լուծվում, և թիմը պետք է հավաքվի այս առանցքի ներքո»,- նշեց նա:
Սաֆարյանի խոսքով` եթե նախկինում Հովիկ Աբրահամյանը կարող էր երազել, որ Տիգրան Սարգսյանին կփոխարինի, այժմ տեղ էլ չի մնում որևէ մեկի համար` երազելու, որ ինքը Կարեն Կարապետյանին կարող է փոխարինել, որովհետև սա նշանակում է, որ եթե ցուցակը գլխավորում է նա, ուրեմն առնվազն մինչև 2018 թվականի նախագահական ընտրությունները նա կղեկավարի ՀՀԿ-ի կառավարությունը:
Ինչ վերաբերում է հարցին, թե Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ին անդամակցելու այս որոշումն ինչպե՞ս կազդի նրա վարկանիշի վրա, Սաֆարյանն ասաց. «Չեմ կարծում, որ կազդի, որովհետև մինչև հիմա էլ էր Կարեն Կարապետյանը Հանրապետական կուսակցության վարչապետը: Ես չեմ կարծում, որ կրծքանշանն էր պատճառը, որ նրա նկատմամբ վերաբերմունք կամ սպասումներ փոխեն: Գուցե ինչ-որ շրջանակներ կարող է նախկինում մտածեին, որ Կարեն Կարապետյանը անկուսակցական է և դեմ դուրս կգա այս իշխանություններին, բայց չեմ կարծում, որ դա շատ մեծ շրջանակներ էին»: