կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-21 14:17
Տնտեսական

Չի բացառվում կաթնամթերքի շուկայում այլ ընկերությունների սնանկացումը

Չի բացառվում կաթնամթերքի շուկայում այլ ընկերությունների սնանկացումը

Այսօր լրագրողների հետ հանդիպեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` խոսելու ՀՀ վարչապետի հանձնարարականի մասին` բիզնես ոլորտի խթանման համար ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ:

Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կարող են ներդրումներ լինել Հայաստանում, եթե 20 տարուց ավելի տեղական շուկայում գործող` կաթնամթերքի խոշոր ընկերություններից մեկը` «Աշտարակ-կաթ»-ը, այսօր կանգնել է սնանկացման առաջ, Գագիկ Մակարյանը պատասխանեց, որ այդ ընկերությունը կաթնամթերքի ոլորտում լեգենդար է, միշտ ունեցել է զգուշավոր, լավ մենեջմենթ, տարիներ շարունակ վարկեր է վերցրել` ապահովելով մարզերում կաթի մթերման կետեր: Նրա խոսքով` 10-15 տարի առաջ շուկայում գործում էին ընդամենը 4-5` կաթ արտադրող ընկերություններ, մինչդեռ հիմա տասնյակների են հասել` նվազեցնելով կաթի մթերման հնարավորությունները: Եվ եթե դրան գումարում ենք Հայաստանի քաղաքացիների գնողունակության անկումը, աղքատության խորացումը, «Աշտարակ-կաթ»-ի վերցրած վարկերը, ապա ընկերության հետ կատարվածը, ըստ Մակարյանի, հասկանալի է դառնում: Նա կարծիք հայտնեց, որ գուցե ընկերությունը հակաճգնաժամային ծրագիր  չի կազմել ժամանակին և չի հասցրել ֆորսմաժորային վիճակում ուշքի գալ:

«Ես կարծում եմ, որ պետությունը պետք է ձեռք մեկնի այդ ընկերությանը` առողջացման ծրագրի ֆինանսավորման կամ ընկերության բաժնեմաս ձեռք բերելու, սուբսիդավորման այլ մեխանիզմների ձևով: ՊԵԿ-ի կարևոր գործառույթներից մեկը պետք է լինի ժամանակին ահազանգել, թե որ ընկերություններն են ռիսկի տակ գտնվում, ոչ թե դանակը ոսկորին հասնի, հետո նոր սկսենք դրա մասին խոսել: Կաթնամթերքի շուկայում ես տեսնում եմ այլ ընկերությունների փակման ռիսկ ևս, անունները դեռ չտամ, եթե պահպանվի գնողունակության անկումը»,- ասաց Գագիկ Մակարյանը` հավելելով, որ որոշ ընկերություններ անգամ վերավաճառվել են, և հանրությունը դրա մասին կարող էր չիմանալ:

Ինչ վերաբերում է մսամթերքի շուկայում գործող ընկերություններին, Գագիկ Մակարյանի խոսքով, դրանք  դեռևս ռիսկի տակ չեն, այնպես ինչպես կաթնամթերքի շուկայում գործող ընկերությունները, որովհետև մսի որակի հաշվին դրանք կարողանում են մանիպուլյացիաներ կատարել:

Գագիկ Մակարյանը կարծիք հայտնեց, որ որոշ մատակարարող ընկերություններ կարող են «դուրս թռնել» վարչապետի հանձնարարականից հետո, որը վերաբերում էր դպրոցներում ու մանկապարտեզներում սննդի անվտանգության ուժեղացված հսկողությանը: