կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-17 13:21
Քաղաքական

ՏՄՊՊՀ-ի կողմից տուգանված պատգամավորը կդիմի հանրապետության ղեկավարությանը

ՏՄՊՊՀ-ի կողմից տուգանված պատգամավորը կդիմի հանրապետության ղեկավարությանը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով «Երևան Գարեջուր» ընկերության բաժնետեր է, այսօր խորհրդարանում անդրադարձավ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կայացված որոշմանը, ըստ որի՝ գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանք է կիրառվել «Երևան Գարեջուր» ընկերության նկատմամբ: Տուգանքի չափը 110 միլիոն դրամ է:

Հակոբյանը նախ տեղեկացրեց, որ ՏՄՊՊՀ-ի այս որոշման մասին տեղեկացել է լրատվամիջոցներից, ապա պարզաբանեց, որ իրենց ընկերությունը պաշտոնական որևէ փաստաթուղթ չի ստացել: «Մենք տեղյակ չենք եղել, որ նման նիստ է գումարվում, որտեղ մեր հարցն է քննարկվելու»,- վստահեցրեց պատգամավորը:

Հակոբյանի խոսքով՝  հանձնաժողովի` 2016 թվականի նոյեմբերի 16-ի նիստի և որոշման մասին «Երևան գարեջուր» ՓԲԸ-ն տեղեկացել է համացանցից, որևէ գրավոր կամ բանավոր ծանուցում, անգամ` հեռախոսազանգ հանձնաժողովի նախատեսվող նիստի մասին ընկերությունը չի ստացել, ինչը, ըստ պատգամավորի, բնորոշում է որոշում կայացնողի գործելաոճը:

«Ներկա պահին, չանդրադառնալով որոշման բովանդակությանը, որը ընկերությունը դեռ չի ստացել, նշենք, որ, ընկերությունից գաղտնի նիստ գումարելով և որոշումը կայծակնային արագությամբ լրատվամիջոցներով տարածելով, տնտեսական մրցակցության հանձնաժողովը ոտնահարել է և' իրավական, և' էթիկական նորմեր: «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի` 2016 թվականի նոյեմբերի 16-ի հաղորդումն այն մասին, որ ընկերության ներկայացուցիչները չեն ներկայացել հանձնաժողովի նիստին, մեղմ ասած, ապատեղեկատվություն է: Ընկերությունը հետևողական է լինելու իրեն հասցված նյութական և բարոյական վնասի փոխհատուցման հարցում և անելու է առավելագույնը»,- ասաց Հակոբյանը:

Նա հավելեց, որ ընկերությունը 2015 թվականին ունեցել է 4.8 միլիարդ դրամ շահույթ և բյուջե է վճարել 2.3 միլիարդ դրամի հարկ, իսկ 2016 թ. 10 ամսվա հասույթը կազմել է 4 միլիարդ դրամ, բյուջե է վճարվել 2 միլիարդ դրամի հարկ:

ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ ՏՄՊՊ-ից տուգանման զեկույցը ստանալուց հետո պատրաստվում են դիմել դատարան: «Անպայման կդիմենք դատարան, եթե մինչ այդ ՏՄՊՊՀ-ն իր կոպիտ սխալները չվերացնի: Միանշանակ, միտում եմ տեսնում: Ինչպես դուք գիտեք, վատ բաներ է տարածվել մամուլը նրա մասին, և հիմա Արտակ Շաբոյանը փորձում է ինչ-որ ձևով արդարանալ, որ ինքը լավ է աշխատում, պարզապես լրատվությունը վատ է մեկնաբանում»,- ասաց նա:

Հակոբյանի համար անհասկանալի է, որ 110 միլիոնով կարելի է տուգանել ընկերությանը, որն աշխատում է այս տնտեսական վատ պայմաններում և պահում 700-ից ավելի աշխատող:

Պատասխանելով հարցին` գուցե տուգանումը խոր արմատնե՞ր ունի, և նպատակ կա բյուջեն նման միջոցներով սնել, Հակոբյանը նշեց. «Միշտ աշխատողն է տուժում: Սա «Կիլիկիա» գարեջրի պատմության մեջ երրորդ մեծ դեպքն է: Բնականաբար, սա ծիծաղելի որոշում է: Ասեմ` ինչի համար: «Գյումրի» գարեջրի գործարանին տուգանել էին հարկերը քիչ վճարելու համար, մեզ պատժում են, որ հարկեր շատ ենք տվել: Եթե շատ հարկ տալու համար պետք է պատժվենք, որ գան մեզ ասեն, մենք կկողմնորոշվենք` հարկ տա՞նք, թե՞ թողենք, էս երկրից գնանք»:

Yerkir.am-ի հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլեր է ակնկալում ՏՄՊՊՀ-ից, Հակոբյանը պատասխանեց. «Հանձնաժողովը սխալներ արդեն թույլ տվել է, ակնկալում ենք, որ որոշումն արդեն կստանանք, եթե որոշումը համապատասխանի այն իրականությանը, որն այսօր կայքերում կա, մենք, բնականաբար, կփորձենք դիմել և՛ հանրապետության ղեկավարությանը՝ տեղեկացնելով՝ ինչ է կատարվում մեր երկրում, և, բնականաբար, վերջում կդիմենք դատարան»: