կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-15 11:20
Հասարակություն

Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում այցելել է համալսարաններ

Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում այցելել է համալսարաններ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Պեկինի օտար լեզուների համալսարանի ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել միջհամալսարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված երկու երկրների ջանքերը` կարևորելով Պեկինի օտար լեզուների համալսարանում հայագիտության կենտրոնի հիմնադրման և հայերենի՝ որպես առանձին մասնագիտության ուսուցման կազմակերպման հնարավորությունը:

Նախարարը միաժամանակ ընդգծել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Կոնֆուցիոսի կենտրոնի գործունեությունը, որը մասնաճյուղեր ունի նաև Երևանի պետական համալսարանում և Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանում: Հաշվի առնելով չինարեն լեզվի և մշակույթի հանդեպ Հայաստանում առկա մեծ հետաքրքրությունը` Լևոն Մկրտչյանն անդրադարձել է Հայաստանի մարզերում կենտրոնի մասնաճյուղեր բացելու հնարավորությանը:

Պեկինի օտար լեզուների համալսարանի ղեկավարության անունից պրոռեկտոր Յեն Գուոհուանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին` ընդգծելով, որ պատմականորեն մեծ կրթական և գիտական ներուժ ունեցող Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը համատեղ նախագծերի նոր հորիզոններ են բացում: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների օտար լեզուների համալսարանների շրջանավարտներին Հայաստանի և Չինաստանի պետական նմուշի վկայականներ տրամադրելու ուղղությամբ:

ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Պեկինի մանկավարժական համալսարանի ռեկտոր Դոնգ Ցինի հետ։ Քննարկվել են երկու երկրների մանկավարժական բուհերի կրթական համագործակցության զարգացման` մասնավորապես ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ գիտակրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Այսօր նախատեսված է նաև ՀՀ և ՉԺՀ կրթության և գիտության նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընդլայնման, երկկողմանի կապերի ամրապնդման հարցեր: