կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-08 19:01
Հասարակություն

Քաղաքացին դիզվառելիքը լցրել է ավտոմեքենաների վրա և հրկիզել

Քաղաքացին դիզվառելիքը լցրել է ավտոմեքենաների վրա և հրկիզել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ուրիշի գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

2016 թվականի փետրվարի 4-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ Արագածավան գյուղում՝ Հ.Դավթյանին պատկանող հացի արտադրամասի մոտ, հրդեհ է բռնկվել: Պարզվել է, որ հրկիզվել են Հ.Դավթյանին պատկանող մեքենաները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ավտոմեքենաների բռնկման պատճառը, հանգամանքները։

Կատարված բազմակողմանի քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ավտոմեքենաները հրդեհվել են դիտավորությամբ, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։

Նախնական քննության տվյալներով՝ Արագածավան գյուղի բնակիչ Ա.Խամոյանը, 2016 թվականի փետրվարի 3-ին ականատես լինելով Արագածավան գյուղում համագյուղացիների միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ եղբոր՝ Արտյոմ Խամոյանի և Վարդգես Գալստյանի սպանությանը, սպանությունն իրականացրած անձանցից և նրանց ընկերներից վրեժխնդիր լինելու դիտավորությամբ, հրկիզման եղանակով ոչնչացրել է համագյուղացի՝ Հ.Դավթյանին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը:

Մասնավորապես, 2016 թվականի փետրվարի 4-ին՝ ժամը 01:00-ից 03:00-ն ընկած ժամանակահատվածում, նախապես վերցրած դիզելային վառելիքը լցրել է Հ.Դավթյանին պատկանող երեք ավտոմեքենաների վրա և հրկիզման եղանակով վնասել դրանք:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Խամոյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: