կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-07 14:52
Տնտեսական

Նոր` բանան ներկրողներ կան. ՊԵԿ նախագահ

Նոր` բանան ներկրողներ կան. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ բիզնես ոլորտում եղած խնդիրներին և դրանց լուծման ճանապարհներին:

«Մեկ ամիս է` ես բիզնեսի ներկայացուցիչ չեմ: 25 տարի եղել եմ բիզնեսի ներկայացուցիչ և շատ լավ գիտեմ բիզնեսի ունեցած պրոբլեմները և այն խնդիրները, որոնք պետք է լուծեմ բիզնեսի համար, որպեսզի դաշտն ավելի բաց լինի»,- ասաց ՊԵԿ նախագահը: Նա նշեց, որ ինքը պայքարելու է ստվերի դեմ, իսկ թե ինչպե՞ս, ասաց, որ կպայքարի, կտեսնենք: «Կա'մ պետք է պայքարենք և կարողանանք, կա'մ ոչինչ չանենք: Պայքարելու ենք` պայքարելով»,- շեշտեց Հարությունյանը:

Հարցին՝ խոշոր հարկատու «Ալեքս Գրիգ»-ը 2 միլիոնով նվազացրել է հարկերը, արդյո՞ք սա է պայքարի արդյունքը, նա արձագանքեց. «Կարող է շրջանառությունն է իջել, այդ պատճառով են հարկերը պակասեցրել: Պետք է հասկանալ՝ ինչի՞ արդյունքում են նվազել հարկերը, գուցե շրջանառությո՞ւնն է նվազել, ներմուծումնե՞րն են նվազել, իսկ եթե դա ստվեր է, ես ձեզ հավաստիացնում եմ, որ պայքարելու եմ դրա դեմ»:

Հարությունյանի խոսքով` վարչապետի հայտարարությունից հետո ունենք նոր` դիզելային վառելիք և բանան ներկրողներ: «Մեկ- երկու մեքենա ներկրվել է, և հարկային, մաքսային մարմինների կողմից որևէ խոչընդոտ չի եղել»,- ասաց նա:

Հարցին՝ ինչքա՞ն ժամանակ է պետք ուսումնասիրելու և հայտարարելու համար, թե ովքեր են ստվերում, Հարությունյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր հարկային տեսչության պետ պետք է իր տարածքում գույքագրի ու ներկայացնի ստվերի մասին: Եթե կա ստվեր, պետք է դրանց տեղը իմանալ: Դրա համար երկար ժամանակ պետք չէ: Կարճ ժամանակում` գույքագրելուց հետո, պետք է պայքարել դրա դեմ»,- հայտարարեց Հարությունյանը:

Նշենք, որ բանանի ներկրման բնագավառում մենաշնորհը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանինն էր: