Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրերս Երևանում գրանցվել է բոտուլիզմի 1 դեպք` 4 տուժածով, որոնցից 1-ը մահացել է: Օգտագործել են տնային պայմաններում պատրաստված ծիծակ` համեմված սխտորով, կանաչիով, ձեթով. լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը: «Այսօր տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է բավարար, բուժումը դեռ ընթացքի մեջ է»,- ասաց նա:
Բաբայանը հայտնեց, որ 2016-ին արձանագրվել է բոտուլիզմի 6 դեպք` 15 տուժածով, որոնցից 2-ը մահացել են: 2014-15 թթ. մահվան հանգեցրած դեպք չի եղել :
«Բոտուլիզմը սննդային ծանր հիվանդություն է, որի հարուցիչը լինում է սպորների ձևով` շրջակա միջավայրում, և անցնում բանջարեղենի, կանաչեղենի վրա: Հետագայում այդ բանջարեղենը պահածոյացնելիս արտադրվում է բոտուլո թույնը: Սպորները զարգանում են միայն անօդ պայմաններում: Արդեն թունավոր պահածոն ոչ մի արտառոց նշան չի ցուցաբերում, չեն փոխվում համը, հոտը, տեսքը: Այն պահածոները, որոնցում շաքարի տոկոսը 50-ից բարձր է, կամ երբ աղի տոկոսը 6-ից բարձր է, թույն չի առաջանում, այսինքն` թթու դրած բանջարեղենը, մուրաբաներն անվտանգ են: Բոտուլիզմը նրանով է առանձնահատուկ, որ կրում է օջախային բնույթ, այսինքն՝ մեկ տարայի մեջ մի բանջարեղենը կարող է թունավոր լինել, իսկ մյուսները` ոչ: Այս տարի թունավորման դեպքեր ունեցել ենք կարմիր պղպեղից, լոլիկի մարինադից, վարունգի, շուշանի, ծիծակի պահածոյից»,- նշեց Բաբայանը:
Նա հորդորեց պահածոն ուտելուց առաջ 20-25 րոպե եռացնել, որովհետև բոտուլիզմի հարուցիչը ոչնչանում է միայն բարձր ջերմաստիճանում:
Բոտուլիզմի նախանշաններն են ՝ գլխապտույտ, գլխացավ, ընդհանուր թուլություն: Հետագայում ավելանում են երկտեսությունը, կոպերի իջեցումը, ռնգախոսությունը, շնչահեղձությունը:
«Այդ նշանների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի և տեղյակ պահել, որ պահածո եք կերել, որովհետև այդ երևույթների ի հայտ գալու գաղտնի շրջանը 2 ժամից մինչև 12 օր է: Ուշացումը կարող է հանգեցնել մահվան: Բոտուլիզմը հնարավոր է կանխել միայն շիճուկի ներարկմամբ»,- նշեց Բաբայանը:
Նա խորհուրդ տվեց պահածոյացնելու փոխարեն մթերքը չորացնել կամ սառեցնել: