կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-28 14:00
Տարածաշրջան

Աթաթուրքին փոխարինել են հեռուստացույցով

Աթաթուրքին փոխարինել են հեռուստացույցով

Հուլիսի 15-ին Թուրիքայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո մեջլիսում վերանորոգման աշխատանքներ սկսվեցին: Այդ շրջանակներում մեջլիսի պատերը զարդարող` Աթաթուրքի նկարները հերթով հանվեցին:

Ըստ Sozcu-ի՝ մեջլիսի ռեստորանում կախված` Աթաթուրքի նկարի փոխարեն, որում սեղանին դրված օղու բաժակ կա, տեղադրվել է հեռուստացույց:

Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորներից Լևենթ Գյոքը պնդել է, որ վերանորոգությունը ցույց է տալիս, որ ոմանք փորձում են ձերբազատվել Աթաթուրքից:

Մի շարք պատգամավորներ էլ են այդ կապակցությամբ դժգոհություն հայտնել: Նրանց խոսքով՝ ռազմական հեղաշրջման փորձի նպատակը եղել է մեջլիսի քանդումը, մինչդեռ ոմանք այն «քանդում են ներսից»:

«Աթաթուրքի մահից անցել է 80 տարի, սակայն նրա հաջողությունները դեռ սարսափ են առաջացնում իշխող կուսակցության մոտ»,- հայտարարել են պատգամավորները:

Միջադեպը, սակայն, զավեշտալի բնույթ է ստացել` «օղու բաժակը վերացնելու» պահանջով ոմանք դիմել են նկարի հեղինակ Յաշար Չալլըյին: Նա բացառել է այդ պահանջի իրագործումը: «Այդ ո՞ւմ իրավունքն  է` Աթաթուրքի օղու բաժակը վերացնելը»,- ասել է հեղինակը` հայտարարելով, որ նկարը վերստին պատին չտեսնելու դեպքում պատրաստվում է այն հետ վերցնել խորհրդարանից: