կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-12 10:35
Հասարակություն

Հաստատվել է 12-րդ դասարանի ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգը

Հաստատվել է 12-րդ դասարանի ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել  հանրակրթական ուսումնական հաստատություններում 12-րդ դասարանի ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգը հաստատելու մասին:

Ընթացակարգով նախատեսվում է` 
Ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում, մինչև դեկտեմբերի 1-ը ուսումնական հաստատության 12-րդ դասարանի սովորողները գրավոր դիմում են հաստատության տնօրենին՝ հայտնելով 2-րդ կիսամյակում ուսումնասիրության համար իրենց կողմից  ընտրված առարկաների ցանկը: Միասնական քննություններ հանձնող սովորողները ցանկում ներառում են միասնական քննական առարկաները: 

Եթե հաստատության ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկա(ներ) դասարանի սովորողներից ոչ մեկը չի ընտրել, ապա այդ առարկային(ներին) ուսպլանով հատկացված ժամաքանակը վերաբաշխվում է տվյալ դասարանի սովորողների կողմից ընտրված ուսումնական առարկաներին, և կազմվում է տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի ուսումնական պլանը:

Դասարանի ուսումնական պլանին համապատասխան` կազմվում է տվյալ դասարանի դասացուցակը: Մեկից ավելի դասարանների առկայության դեպքում կարող են ձևավորվել միևնույն առարկան ուսումնասիրող զուգահեռ դասարանների սովորողներից կազմված ուսումնական խմբեր: Այդ դեպքում տվյալ ուսումնական առարկայից անհրաժեշտ գրանցումները կատարվում են առարկայական դասամատյանում: Կիսամյակային և տարեկան գնահատականներն այնուհետև փոխանցվում են դասարանի հիմնական դասամատյան: 

12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաների (Ուսպլանի Հավելված 1-ի 20-րդ կետի 5-րդ ենթակետի և 45-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջներին համապատասխան) ուսումնական նյութի կրկնությունը կազմակերպվում է դասարանային (դասացուցակին համապատասխան) և արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներով: 

Սովորողը մասնակցում է միայն իր ընտրած առարկաների դասարանային ուսումնական պարապմունքներին: Սովորողը մասնակցում է արտադասարանային ուսումնական պարապմունքներին այն դեպքում, երբ դասացուցակով նրա շաբաթական բեռնվածությունը պակաս է 31 դասաժամից:

Սովորողի արտադասարանային պարապմունքներին մասնակցության տևողությունը որոշվում է 31 ժամի և սովորողի դասացուցակային բեռնվածության տարբերությամբ: Արտադասարանային պարապմունքներին սովորողի մասնակցությունը հաշվառվում է և գրանցվում համապատասխան մատյանում: Արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներ են՝ ուսուցիչների կողմից տրված հանձնարարությունների կատարումը, լրացուցիչ ուսումնական գրականության և այլ աղբյուրների ուսումնասիրումը, գործնական և փորձնական աշխատանքների կատարումը, հիմնահարցերի հետազոտումը, ստեղծագործական աշխատանքը, տեխնիկական սարքերով և գործիքներով աշխատանքների կատարումը, գրավոր աշխատանքները, նոր տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրերի կիրառումը, անհատական և խմբային, ինքնուրույն և համագործակցային աշխատանքների կատարումը, ուսումնական էքսկուրսիաների անցկացումը և այլն:

Սովորողն իր տնօրինմանը հատկացված 3 ժամը կարող է օգտագործել կրթական այլ ծառայություններ ստանալու նպատակով` դրանց համար նախատեսված հաստատություններում:

 ՀՀ ԿԳՆ