Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում քննարկվում է կառավարության և ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից ներկայացված` մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ անելու մասին նախագիծը, որը նախատեսում է մաքսային միջնորդի` բրոքերի ծառայություններից չօգտվելու հնարավորություն այն անձանց համար, ովքեր օտարերկրյա քաղաքացիություն ունեն և տեղափոխում են անձնական օգտագործման ապրանքներ, անձինք, ովքեր ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիներ են և առաքում են տարանցիկ փոխադրման նպատակով, և անձինք, ովքեր անհատ ձեռնարկատեր չեն և իրականացնում են ներմուծումներ ու արտահանումներ:
Առաջարկվում է հանել պարտադիր պահանջը, և տնտեսվարողներն իրենք կարող են ընտրել` ինքնահայտարարագրել կամ դիմել բրոքերին:
Երկրորդ կարգավորումը վերաբերում է փոքր սուբյեկտներին, որոնք տեղափոխում են մինչեւ 200 եվրո արժեքով գույք: Գործող օրենքով նման ապրանքներ ներմուծելիս մարդիկ պետք է 6500 դրամի չափով մաքս վճարեին: Առաջարկվող փոփոխությունները բյուջեի վրա չեն ազդելու, որովհետև բրոքերային ծառայությունը ուղղվում էր սուբյեկտի գրպանը, իսկ 6500 դրամ մաքսավճարը արտաբյուջետային հաշվի մեջ էր մտնում:
Էկոնոմիկայի նախարարին հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: «Ականատես ենք փոփոխությունների: Չգիտեմ` ով որտեղ կհայտնվի, բայց ասվում է, որ համակարգային փոփոխություններ են ընդունվելու: Արժե՞ հիմա այս փոփոխությունն անել, որքա՞ն երկար այն կտևի»,- ասաց պատգամավորը` առաջարկելով հիմնարար փոփոխություններ ու նոր մոտեցումներ իրականացնել գուցե երկու շաբաթ անց, այլ ոչ թե այս փոփոխությունը ընդունել 24 ժամվա ընթացքում:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունը կիսատ-պռատ լուծում չէ և վերաբերում է փոքր սուբյեկտների գործունեության թեթևացմանը: Նախարարը հորդորեց պատգամավորներին` այդ փոփոխությունը ընկալել որպես սկզբունքային ու հիմնարար: «Մենք հնարավորություն ենք տալիս ցանկացած տնտեսվարող սուբյեկտի, որ նա ինքնահայտարարագրի ներմուծումներն ու արտահանումները` առանց բրոքերի ծառայություն ստանալու և նրան վճարելու»,- ասաց նա: