Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օգոստոսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունեց օգոստոսի 5-ից 21-ը Բրազիլիայում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին և ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին՝ ուղեկցությամբ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանի և Ազգային ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Բադլյանի:
Հանդիպմանը Սրբազան Հայրը մեդալակիր մարզիկներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու շնորհավորանքները՝ օլիմպիական խաղերում բարձր ցուցանիշներ արձանագրելու առիթով: Դիվանապետ Սրբազանը, անդրադարձ կատարելով Օլիմպիական խաղերի արդյունքներին, վստահություն հայտնեց, որ մեդալակիրներն իրենց հաղթական ոգով օրինակ կծառայեն երիտասարդ սերնդի համար: Նա նաև կարևորեց այն իրողությունը, որ հայ մարզիկներն իրենց հաջողություններով օգտակար նպաստ են բերում հայ ժողովրդին՝ սպորտի միջոցով ճանաչեցնելով Հայաստանը ողջ աշխարհին:
Մրցանակակիր մարզիկները խորին շնորհակալություն հայտնեցին ընդունելության և, մասնավորապես, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից հայ մարզիկների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար: Նրանք վստահեցրին, որ Ս. Էջմիածնի օրհնությունն ավելի մեծ ուժ կհաղորդի իրենց` հետագայում ևս հաջողությամբ հանդես գալու տարբեր սպորտային հարթակներում և նոր հաղթանակներ նվաճելու:
Վերջում Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հաջողություններ մաղթեց օլիմպիականներին` միշտ բարձր պահելու Հայաստանի մարզական պատիվը: