կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-20 12:45
Իրավական

«Պանտերա»-ի աշխատակցին ծեծի ենթարկելու վերաբերյալ աղմկահարույց գործը դատարանում է

«Պանտերա»-ի աշխատակցին ծեծի ենթարկելու վերաբերյալ աղմկահարույց գործը դատարանում է

«Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վ. Խոցանյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ` հնչեղություն ստացած գործը դատարանում է: Yerkir.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ հիշյալ գործը մակագրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին: Դատաքննության օր դեռևս նշանակված չէ:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ մաքսային տեսուչ  Հարություն Թանգամյանը 2015 թվականի օգոստոսի 21-ին դիտավորությամբ Վարազդատ Խոցանյանի առողջությանը պատճառել է նրա կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը՝ ժամը 03.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մաքսային տեսուչ Հ. Թանգամյանը դիտավորությամբ բռունցքով ուժգին հարվածներ էր հասցրել «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վ. Խոցանյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Հիշյալ հանցագործությունը կատարելու համար մաքսային տեսուչ Հարություն Թանգամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: