Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը խոսեց երկրում զինված միջադեպի հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին:
Նրա համոզմամբ՝ ստեղծված վիճակի հիմքում ընկած է սոցիալական լարված վիճակն ու հողերի հանձնել-չհանձնելու մասին խոսակցությունները, որոնք չհերքվեցին ու չհաստատվեցին իշխանությունների կողմից. լուրջ դժգոհություն կար այն տղաների շրջանում, որոնք Արցախի հերոսամարտում կռվող տղերք են եղել, և անորոշությունը սոցիալական անարդարության ու ԼՂ հարցում նրանց հունից հանեց, նրանք սկսեցին մածել, որ իշխանությունները հողերը կարող է զիջեն, և բազմաթիվ տղաների թափած արյունը կանտեսեն:
«Խոսում եմ շատերի հետ, ինձ ասում են , էդ ո՞նց է, որ գեներալ Մանվելի շքախումբը շրջում է տարիներով, իսկ մենք տանը ուտելու հաց չունենք: Մի խոսքով սոցիալական լարվածությանը գումարվեց ԼՂ հարցի անորոշությունը, որը հանգեցրեց այս քայլին: Իհարկե, դա անխոհեմ քայլ էր, զոհ ունեցանք: Պետք է անել ամեն ինչ, որ նոր բախումներ չլինեն: Թող ազատ արձակեն Սեֆիլյանին, չարժե այդ հարցը դարձնել մի մեծ պատմություն: Այս իրավիճակում նուրբ և հստակ լուծումներ են պետք, որը անձամբ ես չեմ գտնում»,- ասաց Արշակ Սադոյանը:
Լրագրողները նկատեցին, որ Խորենացու ցույցերին մասնակցում է Արշակ Սադոյանի որդին, ու հարցրեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում որդու այդ ակտիվությանը: Արշակ Սադոյանը հաստատեց, որ որդին մասնակցում է այդ ցույցերին: «Աշխատում եմ, որ ընտանիքումս էլ դեմոկրատիա լինի, և չեմ ստիպում ընտանիքիս անդամներին որևէ բան: Ես կարծում եմ, որ այս իրավիճակում պետք է ավելի զգուշավոր լինել, ու ցավում եմ, որ երիտասարդները դա չեն հասկանում, իմ տղան այլ բան է մտածում, ես՝ այլ բան: Բայց որ արյուն չպետք է թափվի, ես ու տղաս այդ հարցում համակարծիք ենք»,- ասաց Արշակ Սադոյանը՝ հավելելով, որ համաժողովրդական ալիքը չպետք է թույլ տա, որ հայը հայի արյուն թափի: