Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուրցաձորի համայնքապետարանում այսօր տեղի է ունեցել Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ԳՄՀԸ «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ծրագրի մասնագետ Սերգեյ Հովհաննիսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրի մասնագետ Բելլա Մարգարյանը, Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Այլ համայնքներում Քաղաքացիների գրասենյակների բացման արարողություններից Ուրցաձորի միջոցառումը առանձնացել է ողջույնի յուրահատուկ մոտեցմամբ:
Համայնքապետարանի տարածքում գործող մշակութային կենտրոնի պարի խմբակի պարուհիները դիմավորել են հյուրերին հայկական գեղեցիկ պարով, իսկ ՔՍԳ բացումից անմիջապես հետո հանդիսությունների դահլիճում մյուս խմբակների սաների հետ միասին ներկայացրել Ուրցաձորի անցյալին, ներկային և ապագային նվիրված բեմադրությունը: Ներկայացման ընթացքում բեմից հնչել են շնորհակալական խոսքեր Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, ինչպես նաև միջազգային բոլոր գործընկերներին` Ուրցաձոր համայնքում քաղաքացիներին և համայնքապետարանի աշխատակիցներին աջակցելու և նման գրասենյակ հիմնելու համար:
Գրասենյակը հիմնադրվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում` Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ, Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ), ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: 2015թ-ից ի վեր Ծրագրի շրջանակներում հիմնվել է ևս վեց ՔՍԳ Շինուհայրում, Թումանյանում, Աբովյանում, Արտաշատում, Զառիթափում և Աշտարակում:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ կտա «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Այսուհետ քաղաքացիները կստանան տեղեկատվություն և ծառայությունների մատուցում մեկ վայրում:
ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայնքային կառավարման Տեղեկատվական Համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում:
Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության աստիճանի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը, մասնակցային տեղական ինքնակառավարման ապահովմանը: Համակարգի միջոցով հնարավոր է մատուցել առցանց ծառայություններ բնակիչներին, հետևել դրանց ընթացքին, իսկ հարցերի դեպքում՝ առցանց դիմել համապատասխան մասնագետներին:
ՀԿՏՀ-ն տրամադրում է կարևոր տեղեկատվություն համայնքի վերաբերյալ, ինչպես նաև հնարավոր է դարձնում քաղաքացիների առցանց ներգրավումը համայնքային մակարդակով որոշումների կայացմանը: Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում ՀԿՏՀ-ն կապահովի խոշորացված համայնքի արդյունավետ կառավարում, բնակավայրերի ինտեգրում և փոխգործակցություն մեկ միասնական տեղեկատվական հարթակի միջոցով, վարչական ծառայությունների մատուցում բնակիչներին անմիջապես բնակավայրերում (այդ թվում՝ առցանց), ինչպես նաև միասնական տվյալների շտեմարանների կիրառում ամբողջ համայնքում:
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն