կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-26 12:44
Հասարակություն

Ձեր ամենօրյա աղոթքներում հիշեք հայ ժողովրդին. Գարեգին Բ-ի խնդրանքը` Հռոմի պապին

Ձեր ամենօրյա աղոթքներում հիշեք հայ ժողովրդին. Գարեգին Բ-ի խնդրանքը` Հռոմի պապին

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀՌՈՄԻ ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԱՅՑԻ ԱՌԻԹՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ (Սուրբ Էջմիածին, 26 հունիսի, կիրակի) Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. Ամէն: «Եւ երբ Նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց և բժշկեց նրանց հիւանդներին...» (Մտթ. ԺԴ 14):

«Ձերդ Սրբություն՝ սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Հոգևոր եղբայրներ և բարեպաշտ ժողովուրդ, Առ Աստված փառաբանության օրեր են Սուրբ Էջմիածնում` հոգևոր բերկրանքի և համատեղ աղոթքի առատությամբ: Այսօր սուրբ Պատարագի արարողության ենք համախմբվել՝ աղոթակցությամբ Հռոմի Սրբազան Քահանայապետ, Մեր սիրեցյալ եղբայր Ֆրանցիսկոս Պապի:

Խորհրդանշական է, որ սուրբ և անմահ այս Պատարագին որպես ընթերցված հնչեց հացի բազմացման սուրբգրական պատմությունը: Ավետարանիչը պատմում է, որ երբ Հիսուս առանձնացավ, ժողովրդի բազմությունը, իմանալով այս մասին, գնաց Նրա հետևից: Եվ երբ Տերը տեսավ հավաքված բազմությանը, գթաց նրանց և բժշկեց հիվանդներին: Երեկոյան դեմ աշակերտները խնդրեցին Տիրոջից ժողովրդին ազատ արձակել, որպեսզի ուտելիք գտնեն:

Քրիստոս նրանց պատվիրեց մարդկանց կերակրել: Սակավ էր, սակայն, ուտելիքը, և Տերը օրհնեց այն, ու հրաշքով առատացած հացը բավարար դարձավ, որպեսզի առաքյալները կերակրեն հավաքված ողջ բազմությանը: Այս հրաշագործությունը աստվածային շնորհներով, տերունավանդ ուսուցումներով քաղցյալ հոգիները հագեցնելու, նաև՝ գթասրտությամբ կարիքավորներին օգնելու խորհուրդն ունի, որը դարձավ կարևոր ծառայություններից Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության: Տերը հորդորում է Իր հետևորդներին հավատքը կենդանի դարձնել գործերով, աղոթքին ու պաշտամունքին զուգակցել ողորմությունն ու գթասրտությունը, կարիքի ու նեղությունների ամոքումը, որոնցով առաքյալի խոսքի համաձայն՝ գործակից ենք Աստծուն (Ա Կորնթ. Գ 9):

Այս տեսիլքով Եկեղեցու բազում մարգարեաշունչ հայրեր ու երանաշնորհ հայրապետներ, քաջ ու բարի հովիվներ, հավատքի անթիվ վկաներ ու բարեպաշտ հավատացյալներ դարեր շարունակ Քրիստոսի Եկեղեցու պատմության էջերը պատկերագրել են Աստծո խոսքի նվիրյալ քարոզությամբ և ողորմածության ու խնամատարության մեծագործություններով, որպեսզի մարդիկ զորանան հավատքով և հավատքի գործերով վկայեն Աստծո ներկայությունը մարդկության կյանքում: Այսօր առ Աստված հավատքը փորձության է ենթարկվում, և մարդկային հոգիները կարծրանում են ինչպես նեղությունների և դժվարությունների մեջ, այնպես և հարստության ու շքեղության, երբ անհաղորդ են հանապազօրյա հացին կարոտյալ, ցավի ու տառապանքի մեջ ապրող մարդկանց հոգսերին: Հավատքը փորձության է ենթարկվում ծայրահեղական և այլ գաղափարախոսություններով, այլատյացությամբ, մոլուցքներով, գայթակղություններով, անձնակենտրոն շահերով:

Ուժգնանում են աշխարհիկացման ընթացքները, խաթարվում են հոգևոր-բարոյական ընկալումներն ու արժեքները, վտանգվում է ընտանիքի աստվածհաստատ կառույցը: Փորձել կառուցել աշխարհ առանց Աստծո, աղավաղել աստվածադիր օրենքն ու պատվիրանները, այս է ժամանակակից կյանքի չարիքի արմատը, որն առաջ է բերում տնտեսական, քաղաքական, սոցիալական, բնապահպանական ու տարաբնույթ խնդիրներ, որոնք օրեցօր խորանում են՝ սպառնալով մարդկության բնականոն կյանքին: Այսուհանդերձ, աշխարհը չի դադարում լինել կենտրոնը աստվածային սիրո և խնամատարության: Տերը շարունակում է ձայնել. «Ես եմ կենաց հացը, ով դէպի Ինձ գայ, քաղց չի զգայ, և ով Ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի» (Յովհ. Զ 35):

 Տիրոջ քաղցր վարդապետությունը ճաշակածը խոնարհվում է ընկածին բարձրացնելու, մարդկանց սրտերում հույսն ու հավատքը առատացնելու, հացի բազմացման հրաշքը կրկնելու՝ աջակցելով ու մխիթարելով կարիքավորներին, հիվանդներին ու վշտացյալներին: Տերունապատվեր այս ընթացքներով, հոգևոր և բարոյական արժեքները կենսագործելով է, որ բարին պիտի զորանա աշխարհում և հաղթահարվեն արդի մարտահրավերները: Բոլոր բարի գործերը արտահայտում են աստվածային խնամքը մարդկության ու աշխարհի հանդեպ՝ ըստ Տիրոջ խոսքի՝ «արքայութիւնը ներսում, ձեր մէջ է» (Ղուկ. ԺԷ 21), որի հաստատման համար Եկեղեցիներն իրենց սպասավությունն են բերում աշխարհում:

 Սիրելիներ, այս օրերին Մեր հոգևոր եղբոր՝ Ֆրանցիսկոս Պապի հետ միասնական այցերով ու աղոթքներով վերստին հաստատեցինք, որ Քրիստոսի Սուրբ Եկեղեցին մեկ է աշխարհում Քրիստոսի Ավետարանի տարածման, արարչագործության հանդեպ խնամքի, համընդհանուր խնդիրներին դիմագրավելու, Աստծո ստեղծագործության փառքն ու պսակը հանդիսացող մարդու փրկության կենսական առաքելությամբ: Քրիստոսի Եկեղեցու առաքելության անբաժանելի մասն է ազգերի և ժողովուրդների միջև ամրապնդումը համերաշխության, եղբայրության ու գործակցության, որի վկայությունն է այսօր սրբազան այս Պատարագին մասնակցությունը Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ ասորիների, բելառուսների, հույների, վրացիների, հրեաների, եզդիների, քրդերի, գերմանացիների, լեհերի, ռուսների, ուկրաինացիների, ովքեր մեր ժողովրդի հետ եղբայրական համակեցության մեջ իրենց նպաստն են բերում մեր երկրի զորացմանն ու հասարակական կյանքի առաջընթացին:

Շնորհաշատ այս օրը գոհունակություն է Մեզ համար վերստին հայտնել Մեր շնորհակալությունը Ֆրանցիսկոս Պապին եղբայրական իր այցի առիթով: Մենք և մեր ժողովուրդը միշտ պիտի աղոթենք Ձեզ համար, սիրեցյալ եղբայր, և ի սեր մարդկության բարօրության ու խաղաղ կյանքի և Քրիստոսի Սուրբ Եկեղեցու պայծառության Ձեր ջանքերի համար: Թող Տերը պահի Ձեզ կորովաշատ, օրհնի ու հաստատուն պահպանի մեր Եկեղեցիները սիրո միության և գործակցության մեջ և պարգևի եղբայրության վկայության նորանոր առիթներ: Ձեր ամենօրյա աղոթքներում հիշեք հայ ժողովրդին, հայոց երկիրն ու Հայ Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Աղոթական հոգով հայցում ենք Բարձրյալն Աստծո ամենախնամ Սուրբ Աջի պահպանությունն ու զորակցությունը պատերազմներից ու ահաբեկչություններից տուժածներին, սովի, աղքատության և փորձությունների մեջ գտնվողներին: Հայցում ենք մեր Տիրոջ ամենառատ շնորհները մեր կյանքին և համայն աշխարհին: Ամեն: