Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին սրբություն Ֆրանցիսկոս Ա պապին` Հռոմի եպիսկոպոս և Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ ընտրվելու առիթով:
Հայրապետական շնորհավորագրում ասվում է.
«Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու բերկրալի առիթով Ձերդ Սրբությանն ենք հղում եղբայրական սիրո մեր ջերմ ողջյունները և շնորհավորանքները: Մեր աղոթքն է, որ Տերը արգասավորի Ձերդ Սրբության առաքելահաստատ պաշտոնը արդյունաշատ և երկարամյա գործունեությամբ` ի փառս Աստուծո և ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու: Քաղցրությամբ ենք հիշում մեր հանդիպումները Ձերդ Սրբության հետ Արգենտինայում, երբ առիթն ենք ունեցել ճանաչել Ձեզ որպես քաջ, իմաստուն և արդարամիտ հովվի: Մենք ուրախ ենք անդրադառնալ Ձեր անկեղծ սիրուն, որ ցուցաբերում եք հայ ժողովրդի հանդեպ:
Ուրախությամբ ենք հաստատում, որ մեր Եկեղեցիների պատմական հարաբերությունները հատկանշված են եղբայրական ջերմությամբ: Մեծապես կարևորում ենք այն առաջընթացը, որ արձանագրել են մեր Եկեղեցիները մեր և մեր նախորդների շրջանում` փոխադարձ այցերով, կրթական և բարեսիրական բազում ծրագրերով: Աղոթում ենք, որ այս հարաբերություններն առավել հարստանան և զարդարվեն սիրո գործակցության նոր ձեռքբերումներով` ի խնդիր մարդկության առջև ծառացած արդի մարտահրավերների հաղթահարման, ժողովուրդների ու ազգերի միջև երկխոսության և բարեկամության…»:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Ձերդ Սրբութիւն,
Հոգեկան անհուն ուրախութեամբ եւ քրիստոնէական սիրոյ ու եղբայրակցութեան ոգիով կ֏ողջունենք Ձեր ընտրութիւնը: Վստահ ենք, որ Հռոմէական Կաթոլիկ եկեղեցին դիմագրաւող մարտահրաւէրներով լեցուն ներկայ ժամանակներուն, Ձեր ընտրութիւնը եկեղեցւոյ առաքելութեան ու վկայութեան նկատմամբ նոր յոյս պիտի բերէ: Ձեր կեանքի պարզութիւնը, ընկերութեան զրկեալ դասակարգին նկատմամբ Ձեր ունեցած յատուկ հոգածութիւնը եւ Ձեր ամբողջական յանձնառութիւնը եկեղեցւոյ հովուական առաքելութեան, վստահաբար նոր կենսունակութիւն պիտի յառաջացնէ Կաթոլիկ եկեղեցւոյ աւետարանչական առաքելութեան ծիրէն ներս:
Մեր հաստատ յոյսն է, որ վերանորոգ թափով պիտի շարունակուին Մեծի Տանն Կիլոիկիոյ Կաթողիկոսութեան եւ Հռոմի Եկեղեցւոյ միջեւ գոյութիւն ունեցող գործակցութիւնը, որ արմատացած է մեր երկու եկեղեցիներու պատմութեան մէջ: Մեր սպասումն է, որ միջեկեղեցական յարաբերութեանց այս ժամանակաշրջանին Կաթոլիկ եկեղեցւոյ միջեկեղեցական դերակատարկութիւնը աւելի լայն արտայայտութիւն գտնէ միջազգային, շրջանային ու տեղական մակարդակներու վրայ:
Այս յոյսով, կրկին անգամ Ձերդ Սրբութեան կը փոխանցենք Մեր եղբայրական սէրն ու ջերմ շնրոհաւորութիւնները: Կա֏ղօթենք առ Բարձրեալն Աստուած, որ Ձեզ զօրացնէ ֆիզիքապէս ու հոգեպէս որպէսզի կարողանաք զօրեղ հաւատքով ու յստակ տեսիլքով կատարել Ձեզի վստահուած»