կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-04 12:48
Առանց Կատեգորիա

Մի՛ առաջնորդվեք ամբոխավարությամբ, հիշեք, որ ընտրում եք ձեր և ձեր երեխաների ապագան

Մի՛ առաջնորդվեք ամբոխավարությամբ,  հիշեք, որ ընտրում եք ձեր և ձեր երեխաների ապագան

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ արտահերթ ընտրություններում թիվ 1 ընտրատարածքում ՀՅԴ վարկանիշային ցուցակով առաջադրված թեկնածու Սարգիս Կարապետյանը:

-Ինչո՞ւ եք որոշել առաջադրվել  ՀՅԴ ցուցակով:

- 1993-ից եղել եմ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ: 1998-ին անդամագրվել եմ ՀՅԴ կուսակցությանը: Իմ ամբողջ գիտակից կյանքում փորձել եմ անել հնարավորը, որպեսզի ՀՅԴ գաղափարախոսությունը հասանելի դառնա լայն հասարակությանը: Այժմ, առաջադրվելով որպես ընտրատարածքային թեկնածու, փորձելու եմ  նույնն անել՝ այցելելով մեր համաքաղաքացիներին որպես պատգամավորության թեկնածու, և քարոզելու եմ ոչ թե իմ եսը, այլ ՀՅԴ ծրագրերն ու գաղափարախոսությունը:

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի  գալիք խորհրդարանում, եւ անձամբ Դուք ի՞նչ խնդիրներ եք բարձրացնելու, եթե ընտրվեք:

- Համարում եմ, որ  ուշադրություն պետք է դարձնել որակյալ սերնդի դաստիարակմանը, որի համար անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բարձրակարգ կրթություն ստանալու հնարավորություն տրվի: Այդ նպատակով կրթությունը պետք է դարձնել անվճար:

Բացի դրանից` բազմիցս նշել եմ, այժմ էլ պնդում եմ, որ պետք է վերացվի ԱԺ պատգամավորի անձեռնմխելիության դրույթը: Կցանկանայի նշել, որ այս հարցը միշտ բարձրացվել է ՀՅԴ ԱԺ պատգամավորների կողմից, սակայն չի ստացել աջակցություն ոչ մի խմբակցության կողմից:

Նաև կարծում եմ` այսօր արդիական է ընդունել օրենք, որը կբացառի Արցախի հարցում Արցախի Հանրապետության Սահմանադրությանը հակասող որևիցե զիջում:

Ինչպե՞ս եք պատկերացնում Դաշնակցության  փոխհարաբերություններն այլ քաղաքական ուժերի հետ, մասնավորապես` խորհրդարանական գործունեության ընթացքում:

- ՀՅԴ-ն  պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, որի ծրագրերը համահունչ կլինեն ՀՅԴ ծրագրերին: Կարծում եմ, որ ցանկացած ուժ, որի գործողությունները միտված կլինեն  Հայաստանի Հանրապետության բարօրությանը, բարգավաճմանն ու զարգացմանը, ցանկալի գործընկեր կարող է լինել ՀՅԴ-ի համար:

Այսօր ՀՅԴ-ի հասցեին տարբեր կողմերից հնչում են քննադատություններ, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց, ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթը:

- ՀՅԴ-ն 128 տարվա պատմության ընթացքում բազմիցս  հայտնվել է քննադատությունների  թիրախում: Շատ ուժեր, որոնք  քննադատել են ՀՅԴ-ին, այժմ չկան, իսկ ՀՅԴ-ն շարունակում է իրագործել իր ծրագրերը: Այսօր էլ  հերթական հակաքարոզչությանն ենք ականատես լինում, փորձ է արվում հեղինակազրկել ազգայինը: Համոզված եմ` այն ուժերը կամ անհատները, որոնք զբաղված են այդ անպտուղ գործով, կանցնեն պատմության գիրկը, իսկ ՀՅԴ-ն կշարունակի իր վեհ գործունեությունը:

Հայտնի է, որ քաղաքական ուժերը քարոզարշավների ժամանակ շեշտը ոչ թե դնում են իրենց ծրագրերն ու գաղափարները ներկայացնելու, այլ մյուս ուժերին սևացնելու վրա` ասելու համար, որ մրցակիցները «լավը» չեն, մեզ ընտրեք: Դուք ի՞նչ եք պատրաստվում անել:

- Մենք խնդիր չունենք սևացնելու որևէ ուժի, այդ գործելաոճը հարիր է այն ուժերին, որոնք չունեն կենսագրություն և երբևիցե չեն արել ոչ մի դրական բան: ՀՅԴ-ի գրասենյակներն ամբողջ Հայաստանով մեկ գործում են տարին 12 ամիս, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի,  չեն բացվում ընտրություններից մեկ ամիս առաջ և անհետանում ընտրությունների ավարտից հետո: Մենք ներկայացնում ենք մեր անցած ուղին և ծրագրերը, որոնք միտված են Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքի բարելավմանը: Դիմելով մեր քաղաքացիներին` խնդրում եմ, որ  իրենց ընտրությունը կատարեն գիտակցաբար, ծանր ու թեթև անեն բոլոր քաղաքական ուժերի ծրագրերը և նախընտրական խոստումները, քննարկեն՝ որոնք են իրականանալի և արդիական, որոնք՝ ուղղակի գեղեցիկ խոսքեր, նայեն նրանց անցած ուղուն,նրանց ցուցակի թեկնածուներին համեմատեն միմյանց հետ, հետո՝ ընտրություն կատարեն:Մի՛ առաջնորդվեք ամբոխավարությամբ և հիշեք, որ ընտրում եք ձեր և ձեր երեխաների ապագան:

Մ.Մ.