կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-18 13:11
Տարածաշրջան

ԵԽ-ի՝ Թուրքիայի մասին տարեկան զեկույցը հետ է ուղարկվել

ԵԽ-ի՝ Թուրքիայի մասին տարեկան զեկույցը հետ է ուղարկվել

Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը հետ է ուղարկել Թուրքիայի մասին ԵԽ-ի տարեկան զեկույցը, քանի որ այն Անկարային կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական Milliyet թերթի կայքի տեղեկացմամբ՝ ապրիլին ԵԽ-ում 375 կողմ ձայնով ընդունված «Թուրքիայի առաջընթացի գնահատման զեկույցը» ԵԽ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչություն է ուղարկվել հունիսի 17-ին: Նույն օրը՝ առանց զեկույցի հետ կապված որևէ գործընթաց իրականացնելու, ներկայացուցչությունն անմիջապես  հետ է ուղարկել այն:

Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ զեկույցը վերադարձնելու պատճառն այն է, որ դրանում Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ է պարունակվում:

Ավելի վաղ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պատասխանատու նախկին նախարար Վոլքան Բոզքըրը սպառնացել էր, որ եթե այս տարի ևս Թուրքիայի մասին տարեկան զեկույցում անդրադարձ լինի Հայոց ցեղասպանությանը, ապա Թուրքիան այն կընդունի առ ոչինչ և հետ կուղարկի:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս Թուրքիան վերադարձրել էր ԵԽ-ի տարեկան զեկույցը՝ նույն պատճառաբանությամբ: