կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-16 14:54
Հասարակություն

«Արամ Աթեշյանին թույլ չենք տալու մտնել Հայաստան». ֆեյսբուքյան նախաձեռնություն

«Արամ Աթեշյանին թույլ չենք տալու մտնել Հայաստան». ֆեյսբուքյան նախաձեռնություն

«Ֆեյսբուք»-ում «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» նախաձեռնություն է սկսվել:

Նախաձեռնության նպատակի մասին տեղեկացնող հայտարարության մեջ, մասնավորապես, նշվել է. «Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասված մեր 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը օրեր առաջ հրապարակավ պղծած, Կ. Պոլսի հայոց պատրիարքի աթոռը բռնազավթած Արամ Աթեշյանը, Հռոմի Պապի՝ Հայաստան այցելության առիթն օգտագործելով, ցանկանում է իր անցանկալի ներկայությամբ մեր երկիրն էլ պղծել։

Երբ Բունդեսթագի թուրք պատգամավորները հորդորում են արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա, մենք եւս՝ որպես սրբերի շարքին դասված իր միլիոնավոր զոհերի հիշատակը հարգող հայ ազգի արժանապատիվ զավակներ, թույլ չենք տալու նրա` Հայաստան մուտքը։

2016 թ. հունիսի 22-ին հանդիպում ենք «Զվարթնոց» օդանավակայանում, Ռ. Թ. Էրդողանի դրածո Աթեշյան կոչեցյալ Աթեշօղլուին մեր երկիր մուտքը թույլ չտալու համար»:

Ավելի վաղ Կ.Պոլսում հայոց պատրիարքարանը հայտնել էր, որ  Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հունիսի 15-ին կմեկնի Ռուսաստան, այնուհետև կժամանի Հայաստան:

Հիշեցնենք, որ Արամ Աթեշյանը նամակ էր գրել Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ քննադատելով Գերմանիայի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Դա թուրքահայության, ինչպես նաև աշխարհասփյուռ հայերի քննադատությանն էր արժանացել: