Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանում կայացել է Թուրքիայի հայկական «Ակօս» թերթին ուղղված վիրավորանքների և սպառնալիքների քրգործով դատական նիստը:
Ըստ Ermenihaber-ի՝ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նիստին ներկա են գտնվել մեղադրյալներն ու կողմերի փաստաբանները, իսկ մեղադրող կողմ հանդիսացող «Ակօս» -ի գլխավոր խմբագիր Էդվարդ Դանզիկյանը նիստին չի մասնակցել:
Գործով մեղադրյալներ` Թուրքիայի ազգայնական կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Բիլալ Գյոքչեյուրթը և «Թուրանյան օջախներ» (Turan Ocakları) ազգայնական խմբավորման ղեկավար Էրջան Ուրչարը հերքել են իրենց ուղղված մեղադրանքները:
Միջանկյալ նշենք, որ 2015թ. ապրիլի 24-ին «Ակօս»-ի խմբագրատան շենքի դիմաց սև ծաղկեպսակ էր դրվել «Ակօս»-ին ուղղված վիրավորանքներ ու սպառնալիքներ պարունակող թռուցիկներ էին բաժանվել: Այնուհետև մեղադրյալները հանդես էին եկել նույնաբովանդակ մամլո հաղորդագրությամբ, և այդ տեքստը տարածվել էր նաև սոցիալական ցանցերում: «Ակօս»-ը մեղադրվել էր ղարաբաղյան հարցում Հայաստանին աջակցելու մեջ, հնչեցվել էր «մի օր անսպասելի կվերադառնանք» սպառնալիքը:
Նիստի ժամանակ մեղադրյալնեը պնդել են, որ իրենք չեն ճանաչում ո'չ 2007թ. սպանված թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքին, ո'չ էլ ներկայիս խմբագիր Էդվարդ Դանզիկյանին: Նրանց նպատակը եղել է իրենց բողոքն արտահայտել Թուրքիայի կողմից չճանաչված Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հարցում հայամետ հրապարակումներ կատարող «Ակօս»-ի գործունեության դեմ և պետության ուշադրությունը հրավիրել թեմայի վրա:
Իսկ որպես վկա հանդես եկած Ֆեթհիյե Չեթինը, ով նաև «Ակօս»-ի փաստաբանն է, նկարագրելով դեպքի օրը տեղի ունեցած իրադարձությունները, նշել է, որ Հրանտ Դինքի սպանությունից առաջ էլ «Ակօս»-ին ուղղված նմանատիպ հայտարարություններ ու սպառնալիքներ, հայատյաց կոչեր էին հնչեցվել: Այդ պատճառով էլ դեպքը անհանգստացրել է թերթի աշխատակիցներին:
Դատարանը միջանկյալ որոշում է կայացրել մեղադրող կողմ հանդիսացող Էդվարդ Դանզիկյանին հարկադրաբար դատարանի դահլիճ բերելու մասին: Միաժամանակ մերժել է մեղադրյալների առաջադրած վկայի հարցաքննությունը: Նիստը հետաձգվել է:
Նշենք, որ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազության կողմից կազմված մեղադրական եզրակացությամբ արձանագրվել էր, որ կասկածյալները անհիմն մեղադրանքներ են ուղղել «Ակօս»-ի խմբագիր Էդվարդ Դանզիկյանին, ով, լինելով Թուրքիայի քաղաքացի և Հայաստանի իշխանությունների վրա ազդեցության որևէ լծակ չունենալով, չէր կարող որևէ դեր խաղալ ղարաբաղյան հարցում Հայաստանի քայլերի ընտրության մեջ: Վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով պահանջվել էր մեղադրյալների համար, որպես պատիժ, սահմանել 9 ամսից մինչև 4 տարի ազատազրկում: