կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-04 12:12
Հասարակություն

Կալանավորված գեներալ Չիլինգարյանին տեղափոխել են հոսպիտալ

Կալանավորված գեներալ Չիլինգարյանին տեղափոխել են հոսպիտալ

ՀՀ զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հունիսի 2-ի գիշերը կալանավորված գեներալ Մելս Չիլինգարյանի առողջական վիճակը վատացել է, նրան երեկ տեղափոխել են Երևանի կայազորային հոսպիտալ: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին հիվանդանոցից:

Նշենք, որ hraparak.am–ի տեղեկություններով` նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել։

Հիշեցնենք, որ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանքներ են առաջադրվել գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին, Մհեր Պապյանին, որոնց նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանավորումը։ Նախնական քննության տվյալներով՝ նշված անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ձեռք են բերվել տարբեր ապրանքատեսակներ՝ շուկայական գնից բարձր, իսկ որոշ դեպքերում գնումները եղել են չպահանջված։

Մասնավորապես՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ առանց համապատասխան պահանջարկի ՍՊ ընկերության հետ կնքվել է շուրջ 145 մլն դրամի պահեստամասերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում ձեռք են բերվել չպահանջված պահեստամասեր՝ ակնհայտ ուռճացված գներով։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետ Արմեն Մարգարյանին հունիսի 2-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով, Մ.Պապյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Գործի նախաքննությունը շարունակվում է: