կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-31 12:38
Տնտեսական

Գազամատակարարման համակարգի խողովակները մեր պապերի խողովակներն են. «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն

Գազամատակարարման համակարգի խողովակները մեր պապերի խողովակներն են. «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը ՀԾԿՀ-ի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ սակագնի նվազման ուղղությամբ ինչ արվել է, առավելագույնն է:

««Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկը ներկայացրել է, և եթե առաջարկը հիմնավոր չլիներ, հանձնաժողովում աշխատում են բանիմաց, գրագետ մարդիկ, մասնագետներ, իհարկե, հնարավորության դեպքում կփոխեին, և հիմա իրենք էլ են հասկանում, որ դա է մաքսիմումը: Ինչ որ արվել է, մաքսիմալն է»»,- ասաց Վարդան Հարությունյանը:

Հարցին՝ ինչո՞ւ հենց հիմա սակագինն իջեցվեց, եթե տևական ժամանակ բանացություններ էին գնում գազի գնի իջեցման շուրջ, նա պատասխանեց, որ բանակցություններ վարողն ինքը չէ, բանակցություն վարում է կառավարությունը:

«Եթե ընկերության աշխատանքին վերաբերող հարցեր կան, կարող եմ պատասխանել, բայց ինչ վերաբերում է՝ ինչու հիմա և ոչ` մեկ ամիս առաջ կամ հետո, այդ հարցերի պատասխանը ես չեմ կարող տալ»,- ասաց նա:

Հարությունյանը նշեց նաև` եթե լինի արտադրական հզորությունների աճ, բնական է` կունենանք գազի սակագնի նվազում, քանի որ քանակի նվազումը հանգեցնելու է նրան, որ մեր հաստատուն ծախսերը նույնն են մնալու, իսկ քանակի ավելացումը բերելու է սակագնի նվազման:

«Հեռանկարը մեր արտադրական հզորությունների զարգացումն ,է և մեր ընկերությունը միշտ պատրաստ է կանգնել նոր ներդրումներ անող ընկերությունների կողքին: Ինչու չէ, եթե կլինի համապատասխան առաջարկ, որը կբերի գազի ծավալի կտրուկ նվազման, հատուկ վերաբերմունք կցուցաբերենք և ուրիշ սակագնով գազ կմատակարարենք, եթե կարողանան մեծ ծավալի գազի սպառում ապահովել: Դրանից կօգտվի ոչ միայն արտադրողը, այլ նաև բնակիչ բաժանորդը»,- ասաց Հարությունյանը` հավելելով, որ սակագնում ներառված ծախսերը մնալու են նույնը, իսկ մեծ քանակի գազի սպառման դեպքում, ծախսերը հաշվի առնելով, իջնելու է նաև սակագինը:

Հարցին` ի՞նչ գործոններ են ազդում սակագնի ձևավորման վրա, նա պատասխանեց, որ դրանք բազմաթիվ են` պահպանման, շահագործման ծախսեր, ներդրումներ, որոնք պետք է արվեն, որ մեր հետագա սերունդներն ունենան որակյալ գազաբաշխման համակարգ: «Դա չանելու դեպքում ամբողջը կարող ենք կորցնել: Գազամատակարարման համակարգում հիսուն տարվա խողովակներ են` մեր պապերի խողողվակները, ոչինչ չե՞ք ուզում` փոխվի»,- ասաց «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը:

Խոսելով գազի կալորիականության վերաբերյալ բողոքների մասին` Հարությունյանը նշեց, որ եթե կան բողոքներ, պետք է դրանք լինեն կոնկրետ հասցեներից, որպեսզի լինի համպատասխան արձագանք: