կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-03 16:18
Հասարակություն

ԶՈՒ զենքի մատակարարումը չի սկսվել ու ավարտվել միայն ռուսական վարկով

ԶՈՒ զենքի մատակարարումը չի սկսվել ու ավարտվել միայն ռուսական վարկով

Դեռ տարեսկզբին պարզ դարձավ, որ Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի վարկ է հատկացրել` զենք գնելու համար: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զենքի մատակարարման գործընթացը վաղուց է սկսված, բայց թե ինչ է մատակարարվել և որքան, չի կարող ասել:

«ՀՀ զինված ուժերի` նոր զինտեխնիկայով համալրման ծրագիրը կապ չունի միայն ռուսական վարկի հետ, այն չի սկսվել միայն վարկով և չի ավարտվում վարկով: Դեռ տարիներ առաջ հայտարարվել էր, որ ՀՀ-ն պլանային կերպով անցնում է իր բանակի վերազինմանը: Պետք է ասեմ, որ մեր զինանոցում կան զենքեր, որոնք շատ լավն են ու կարևոր, անգամ` երազելի զենքեր են: Այդ վարկի շրջանակներում ե՞րբ կլինի ամբողջ զինանոցի մատակարարումը, գաղտնիք է, իրավունք չունեմ ասելու, բայց զենք-զինամթերքի համալրումը չընդհատվող, մշտական գործընթաց է»,- ասաց Հովհաննիսյանը:

Հարցին, թե ՀՀ ԶՈՒ-ն ունի՞ զինատեսակների կարիք, որոնք ուզում է գնել, բայց ՌԴ-ն չի համաձայնում դրանք վաճառել հայկական կողմին, պատասխանեց, որ չի կարծում, թե կան զինատեսակներ, որոնք մեզ անհրաժեշտ են և դրանց վաճառքի հետ կապված ռուսական կողմից մերժում ենք ստացել:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքին, թե մենք կռվում ենք 80-ականների զենքով, Հովհաննիսյանը նշեց, որ ցանկացած մարդու խոսք, հատկապես` բարձրաստիճան պաշտոնյայի, կարելի է մեկնաբանել ցանկացած ձևով: «Ցավոք, այդպես էլ կատարվում է: Այո, ասեմ նաև, որ 60-ականների զենքով էլ ենք հաղթանակ տանում. «Գրադ» համակարգի զենքը 60-ականների է: Ավելին` մեր զինանոցում կան տասնյակ նմուշներ, որոնք 40-50-ականների են, բայց իրենց խնդիրը հստակ են կատարում: Ռուսական զինանոցում եղած զենքերը հատկապես 80-ականների զենքեր են` «Սմերչը», «Տոսը»: 80-ականների զենք` չի նշանակում անպայմանորեն հին զենք»,- ասաց նա: