կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-26 15:53
Տարածաշրջան

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը սխալմամբ «ճանաչել է» Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը սխալմամբ «ճանաչել է» Հայոց ցեղասպանությունը

Հայկական պնդումներին մեծ աջակցություն ցուցաբերող ԱՄՆ-ի` Թուրքիայում դեսպանատունը մեծ սկանդալի պատճառ է դարձել. 1915 թվականի դեպքերի վերաբերյալ իր հայտարարության մեջ օգտագործել է «Ցեղասպանություն» բառը. հայտնում է Turkiye թերթը` նկատի ունենալով նախօրեին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի վերաբերյալ դեսպանատան հայտարարությունը:

Դեսպանատան պաշտոնական կայքէջում հրապարակված հրատարակությունն իր բովանդակությամբ ընդհանուր առմամբ նման է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին, սակայն նախագահն իր ելույթում այս անգամ ևս չի օգտագործել «ցեղասպանություն» տերմինը` սահմանափակվելով «Մեծ եղեռն» բնորոշմամբ: Մինչդեռ` Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ օգտագործվել է «ցեղասպանություն» եզրույթը:

Նույն հայտարարությունը տարածվել է նաև դեսպանատանը պատկանող սոցկայքերի էջերում: Համացանցի օգտատերերի կողմից լայն տարածում գտնելուց հետո այն բողոքի ալիք է բարձրացել թուրքերի շրջանում, ինչից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը սոցցանցերից ջնջել է գրառումը, իսկ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից հեռացրել «ցեղասպանություն» տերմինը: Միջադեպի առթիվ որևէ պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի արվել:

Թուրքական պաշտոնական շրջանակները հետաքրքրությամբ սպասում են, թե ինչպես կմեկնաբանի ԱՄՆ դեսպանատունն իր այդ վրիպումը: Թուրքական կայքը չի բացառում, որ միջադեպը կարող է Վաշինգտոն-Անկարա հարաբերություններում լարվածության առաջացման պատճառ դառնալ: