Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-04-04 18:11
Քաղաքական

Ընդդիմությունն այս հարցում իշխանության կողքին է

Ընդդիմությունն այս հարցում իշխանության կողքին է

Այսօր ԱԺ քառօրյա նիստում ընդդիմադիր պատգամավորները խոսեցին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, հայտնելով իր զորակցությունն ու աջակցությունը զոհերի ընտանիքներին, ասաց. «Նրանք բոլորը իսկապես ազգային հերոսներ են, բոլորն իրենց երիտասարդ կյանքով կասեցրել են թշնամու առաջխաղացումը, պատվով պահել են մեր երկրի սահմանը: Բոլոր զոհերը սրբացել են` միանալով մեր բոլոր նախկին զոհերին, որոնք մեր բոլորի հպարտությունն են»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ը, անկախ գործող իշխանությունների հետ եղած իրենց հակասություններից, Հայաստանին ու ԼՂՀ-ին սպառնացող վտանգի դեպքում բոլորն էլ պատրաստ են միավորվել` այդ ագրեսիան ետ մղելու համար: Նա մեջբերեց Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, որ ինչ ներքաղաքական վիճակ էլ տիրի երկրում, Արցախի հանդեպ ոտնձգությունների դեպքում Ադրբեջանը հանդիպելու է Հայաստանի բոլոր ուժերի համառ դիմադրությանը:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը նշեց, որ եկել է երևույթներն իրենց անուններով կոչելու ժամանակը, և որ Հայաստանը պետք է միահամուռ գործի նաև միջազգային հարթակում: «Ադրբեջանը դեռ իր մաշկի վրա զգալու է նախահարձակ լինելու հետևանքները»,- ասաց նա:

Ալեքսանդր Արզումանյանը հավելեց, որ ՀՀՇ-ն իր զորակցությունն է հայտնում ԼՂՀ իշխանություններին, ՊԲ-ին ու ժողովրդին, որը այս պահին խաղաղություն է պարտադրում ագրեսորներին: «Հպարտությամբ եմ նայում, թե ինչ կոնսոլիդացիա կա մեր քաղաքական ուժերի և քաղաքացիական ուժերի մեջ: Ազատամարտիկները, հասարակ քաղաքացիները հստակ պատգամ են ուղարկում Ադրբեջանին, որ մեկի մտքով չանցնի, որ երբ վտանգված է հայրենիքը, քաղաքական ուժերի միջև տարակարծություն չի կարող լինել»,- ասաց նա: